Հատուկ քննչական ծառայության պետը Մանվել Գրիգորյանի անշարժ գույքերի վերաբերյալ հայտարարությամբ հող է նախապատրաստում նրան կալանքի տակ պահելու համար։ Նման կարծիք այսօր՝ նոյեմբերի 28–ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նշենք, որ այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերված անշարժ գույքերի վերաբերյալ փաստաթղթերի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ ՀՔԾ պետը նշել է, որ արդեն իսկ դիմել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին։
Լևոն Բաղդասարյանը ոչ իրավաչափ գնահատեց ՀՔԾ պետի այս հայտարարությունը, նշելով, որ նա մեկ անգամ ևս չարաշահել է իր լիազորությունները ՝ ցուցում տալով պետական այլ լիազոր մարմնի։
Անդրադառնալով ՀՔԾ պետի այն հայտարարությանը, թե քրեական գործով ֆինանսական խախտումները կազմում են 1 մլրդ դրամ, Բաղդասարանը նկատեց, որ «դա նկարած թիվ է»։
Նա նշեց, որ ֆինանսական ստուգումների եզրակացության մեջ նման մասշտաբի խախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր հայտարարել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն եւ 70-ից ավելի խուզարկություն։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: Խոսքը ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է:





























