SsangYong ընկերությունը նոր ավտոմեքենա է ներկայացրել «Դաքար» ավտոմրցարշավի համար, որը 2019 թվականի հունվարի 6-ից 17-ը կանցկացվի Պերուում: Rexton DKR կոչվող մեքենան Իսպանիայում մշակել են հարավկորեական մակնիշի ավտոսպորտային ստորաբաժանման մասնագետները, փոխանցում է Auotnews-ը: 

Նորույթը քիչ ընդհանրություն ունի Rexton «քաղաքացիական» քրոսովերի հետ: Ավազե բագգիի ոճով կատարված ավտոմեքենան կառուցվել է քրոմոմոլիբդենային համաձուլվածքից խողովակաձեւ հիմնակմախքի շուրջ: Մեքենայի զանգվածը կազմում է 1900 կգ:

SsangYong Rexton DKR-ն ունի 8-գլանանի ագրեգատ, որը զարգացնում է 450 ձ.ու. հզորություն: Շարժիչն աշխատում է 6-աստիճանի սեքվենտալ մրցարշավային շարժահաղորդակի հետ: Ամենագնացը կարող է տեղից 100 կմ/ժամ արագությունը զարգացնել  4,4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 195 կմ/ժամ:

Մրցարշավային ավտոմեքենան ունի կրկնակի լծակի կախոց, King ամորտիզատորներ, King արգելակման մեխանիզմներ եւ Yokohama Geolander ամենագնացային 17-դյույմանոց անիվներ: