Ինչպես նախորդ 10 տարիներին, այնպես էլ հիմա, ես չեմ տեսնում, որ ցանկություն կա բացահայտելու այդ 10 զոհերի մեղավորներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Վարչապետը օգոստոսի 17-ին, հրապարակում հայտարարեց, որ Մարտի 1-ի դեպքերը բացահայտված են ու կրկնեց՝ բացահայտված են ամբողջությամբ, 100 տոկոսով։ Հիմա Մարտի 1-ի բացահայտումը միայն պարոն Քոչարյանին կալանավորե՞լն էր, միայն դա էր Մարտի 1-ի բացահայտումը, բա՞ այդ 10 զոհերը։ Ինչպես նախորդ 10 տարիներին, ես չեմ նկատել, որ ցանկություն կա բացահայտելու այդ 10 զոհերի մեղավորներին, հիմա էլ չեմ տեսնում, որ այդ ցանկությունը կա»,- ասաց պաշտպանը։
Ալումյանը անդրադառնալով հայտնի գաղտնալսումներին ասաց, որ ՄԻԵԴ-ում իրենց բողոքի քննության ժամանակ դա նորմալ չի գնահատվելու։
«Դատավոր Հրաչը սկսում է ճշտումներ անել ԱԱԾ պետի հետ, ընդ որում, հետո վարչապետը այդ հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս, շատ կարեւոր բան է ասում, որը ցավոք տեսադաշտից դուրս է եկել, ասում է՝ «իսկ դատավորը ԱԱԾ պետի միջոցով տեղեկացնում է, որ գործը ջուր է», հասկանում եք, բայց հետո հիշում եք ԱԱԾ տնօրենի պատասխանը՝ «մեկ է՝ ուզես-չուզես, կալանքը պիտի տաս»։ Հիմա այս պայմաններում տված կալանքը Եվրոապական դատարանում պիտի ասեն, որ նորմալ է հա՞։ Կամ երբ որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետն իրար հետ քննարկում են՝ փակենք, որ ցուցմունք տա, թե չէ սենց ցուցմունք չեն տալիս, այսինքն կալանավորման նպատակը ցուցմունք տալն են համարում, իսկ հանրությանը ներկայացնում են՝ կալանավորենք, որ չթաքնվեն քննությունից, չխոչընդոտեն քննությանը, բայց իրական նպատակը այլ էր։ Վարչապետի խոսակցություններից էլ այս վերջում հրապարակված պարզ է դառնում, որ ԱԱԾ պետն իրեն ասում է նախապես, թե դատավորն ինչ որոշում է կայացնելու»,-ասաց նա։
Ալումյանի կարծիքով՝ սկզբում այս գործի սցենարն է գրվել, հետո նոր սկսել են ապացույցներ «հարմարեցվել»։
«Մարտի 1-ի գործը, իրոք, դարձել է գործիք, որովհետեւ 10 զոհերի ողբերգությունը այդ գործը քննողներին կարծես չի հետաքրքրում, ինչպես նախորդ 10 տարվա մեջ»,-ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կայցրել էր դեկտեմբերի 7-ին, նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ կալանավորվել:





























