Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նրա խոսքով, լրացուցիչ հարցում է ուղարկվել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ.-ին միջնորդություն է ներկայացվել դատարան: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը Ռուսաստանից գրություն էր ստացել ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին:





























