Հարավային Կորեայի դատախազությունը երկրի գլխավոր ընդդիմադիր Կորեայի ազատության կուսակցության մեղադրանքներից հետո Երկնագույն տան գրասենյակներից մեկում քննչական գործողություններ է անցկացրել: Կուսակցությունը իշխանություններին կասկածում է քաղաքացիների մասին ապօրինի տեղեկություններ հավաքելու մեջ, հայտնում է Yonhap գործակալությունը:
Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղար Յուն Յոն Չհանի խոսքով՝ վարչակազմը աջակցություն է ցույց տվել քննչական մարմնին՝ տրամադրելով պահանջված փաստաթղթերը:
Գործակալությունը նշել է, որ քննիչներին են ներկայացվել Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի հատուկ տեսչական բյուրոյի աշխատանքի մասին փաստաթղթերը, որին էլ հենց Կորեայի ազատության կուսակցությունը մեղադրանքներ է ներկայացրել: Այս ստորաբաժանման խնդիրների մեջ էր մտնում երկրի նախագահի նշանակած բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների շրջանում կոռուպցիայի դրսեւորումների հայտնաբերումը:
Հարավկորեական Chosun Ilbo պարբերականը հայտնել էր, որ Կորեայի ազատության կուսակցությունը (խորհրդարանում 300-ից 112 տեղ ունի) կիրակի հրապարակել էր բյուրոյի նախկին աշխատակից Կիմ Դե Ուի անցկացրած ստուգումների ցուցակը: Նրա խոսքով՝ բյուրոյի աշխատակիցները ղեկավարության հրահանգով պետք է լրտեսեին շարքային քաղաքացիներին, ինչը օրենսդրության սահմաններից դուրս է գալիս, եւ հավաքած տվյալների հիման վրա համապատասխան զեկույցներ կազմեին, որոնք հետո փոխանցվել են դատախազությանը: Այդպիսի զեկույցներից մեկը կազմվել է Սեուլի ստեղծարար տնտեսության եւ ինովացիաների հետազոտական կենտրոնի (Seoul Center for Creative Economy and Innovation, Sccei) նախկին ղեկավարի դեմ, ում կասկածել են անփութության մեջ: Կուսակցության կարծիքով՝ Sccei-ի ղեկավարի դեմ բյուրոյի նման գործողություններն ապօրինի էին, քանի որ նրան այս պաշտոնին նախագահը չի նշանակել, եւ նա պետական ծառայող չի համարվում, հայտնում է պարբերականը:
Երկնագույն տունը հայտարարել էր, որ Կիմ Դե Ուին երբեք հրահանգներ չեն տրվել Sccei-ի ղեկավարի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մասին, հավանաբար, նա ստուգումներ է անցկացրել, երբ աշխատում էր Սեուլի կենտրոնական շրջանի դատախազությունում:
Yonhap գործակալությունն իր հերթին նշել է, որ Կիմ Դե Ուի դեմ պաշտոնական բողոք է ներկայացվել նաեւ դատախազություն՝ կապված նրա կողմից գաղտնի տեղեկատվության գաղտնազերծման վերաբերյալ կասկածների հետ, որը ստացել էր Երկնագույն տանն աշխատելու ժամանակ:



























