NEWS.am–ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, Մարտի մեկի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո խսնակ Մարինա Օհանջանյանը։
Վահագն Հարությունյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝) և 309–րդ հոդվածի 2–րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝):
Նա նշեց, որ քննիչի կողմից Վահագան Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել առաջին ատյանի դատարան։
Նշենք, որ դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։
Այսօր հայտնի դարձավ, որ Վերքննիչի այս որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու:
Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանը 2007-2011 թ. զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:





























