Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել 2019թ. հունվարից դիվանագիտական առաքելությունների թվաքանակի աստիճանական վերականգնման շուրջ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք սկզբունքորեն համաձայնվեցինք, որ ինչ–որ տեղ հունվար ամսին դիվանագիտական անձնակազմը կվերականգնվի ինչպես Մոսկվայում, այնպես էլ Լոնդոնում», - ասել է նա: «Վստահ չեմ, որ դա կիրականացվի բոլոր աշխատակիցների նկատմամբ, սակայն դեսպանատան առնվազն կեսը կվերականգնվի»:
Յակովենկոն գնահատել է դիվանագիտական առաքելությունների վերականգնումը որպես դրական քայլ երկու երկրների փոխգործակցության մեջ:
Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացան մարտի 4-ին Սոլիսբերիում Ռուսաստանում Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիայի թունավորումից հետո:
Բրիտանական կողմի կարծիքով, նրանք ենթարկվել են նյարդա–պարալիտիկ նյութի ներգործության, որը, իբր, մշակվել է Ռուսաստանում, ինչ հիմքով էլ Լոնդոնը մեղադրում էր Մոսկվային միջադեպին մասնակցության մեջ: Ռուսական կողմը կտրականապես մերժեց բոլոր մեղադրանքները: Լոնդոնը երկրից արտաքսեց 23 ռուս դիվանագետների եւ հայտարարեց այլ հակառուսական պատժամիջոցների մասին: Դրանից հետո Մոսկվան պատասխան քայլեր ձեռնարկեց՝ արտաքսելով նույնքան բրիտանական դեսպանատան աշխատակիցների՝ հանձնարարելով փակել Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում եւ դադարեցնել Բրիտանական խորհրդի գործունեությունը ՌԴ–ում:




























