Իշխանություններն օգնեցին ապացուցել, որ սա քաղաքական հետապնդում է: Այս մասին Yerevan Today-ի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նրա կարծիքով՝ երեկ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության հետաձգումը քաղաքական առումով երկու տեսանկյունից կարեւոր է. «Առաջին հերթին՝ իշխանությունները հերթական անգամ օգնեցին ապացուցել, որ տեղի ունեցողը պարզ քաղաքական հետապնդում է, որն իրականացվում է երկրորդ նախագահի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք քննիչի գործելակերպին, ընդհանրապես՝ հետաքննող մարմնի, Դատախազության գործելաոճին, երբ կալանքի հարց է, դատական նիստերը նշանակվում են գիշերը՝ ժամը 1-ին, այնքան որ, ափալ-թափալ կալանավորեն, իսկ երբ անազատությունից դուրս գալու հարց է քննարկվում, պարզվում է, որ քննիչն այնքան զբաղված է, որ 18։30-ից հետո ոչնչով չի կարող զբաղվել:
Երբ կալանքի հարց է քննարկվում, գլխավոր դատախազը 5 դատախազով է գալիս դատարան, իսկ այս դեպքում ոչ մեկը ժամանակ չէր գտել։ Այսինքն՝ սա այնքան պարզ է ամեն ինչ ցույց տալիս, որ նույնիսկ ամենալավատեսների մոտ ոչ մի հույս չի մնում, որ Հայաստանում չի գործադրվում ուժգին ճնշում դատարանների վրա։ Դա արձանագրում են արդեն բոլորը։ Իրականացվում է ուղիղ քաղաքական հետապնդում երկրորդ նախագահի հանդեպ, եւ, ըստ էության, մենք այսօր ունենք առնվազն խղճի բանտարկյալ, եթե չասեմ՝ քաղբանտարկյալ՝ ի դեմս երկրորդ նախագահի, որը մոտակա օրերը եւս անազատության մեջ կանցկացնի»,-ասաց Սողոմոնյանը:
Այս իրադարձությունը, ըստ Սողոմոնյանի՝ ի ցույց դրեց ՀՀ իշխանությունների իրական դեմքը. «Փոքրոգի, քինախնդիր, մանր հաջողություններով ուրախացող են։ Աստված իրենց հետ»։




























