Յուրայի ժամանակաշրջանի թռչող դինոզավրի քարացած ոսկորներ են գտնվել Օքսֆորդշիրի (Անգլիա) տարածքում։ Այն նոր երեւույթ է գիտության համար։ Մասնագիտացված Acta Palaeontologica Polnica պարբերականի տվյալներով՝ նոր պտերոզավրը ստացել է Klobiodon rochei անունը, փոխանցում է Planet Today-ը։
Թռչող սողունը ապրել է 167 մլն տարի առաջ, այսինքն՝ Յուրայի ժամանակաշրջանի կեսերին։ Դինոզավրի թեւերի բացվածքը կազմել է 2 մետր, իսկ, ընդհանուր առմամբ, Klobiodon rochei-ն հիշեցնում է մեծ որորի կամ ջրածիծառի։
«Մեզ մոտ է պտերոզավրի ստորին ծնոտը, սակայն, դատելով նրա ատամների յուրահատուկ դասավորվածությունից (պտերոզավրերի մեծ մասը ատամներ ընդհանրապես չի ունեցել, իսկ Klobiodon rochei-ի մոտ այն 2,6 սմ երկարության էր հասնում), այն բավականին հետաքրքիր թռչուն է»,-նշում է Պորտսմուտի համալսարանի հնէաբանության ամբիոնի աշխատակից Դեվիդ Մարտիլը։
Մարտիլի խոսքով՝ հնագույն այս կենդանին ապրել է առափնյա շրջաններում, հիմնականում սնվել է ծովային ձկներով ու կաղամարներով․ դինոզավրը իր խոշոր ատամներով հարձակում է գործել զոհի վրա, ապա ամբողջությամբ կուլ տվել նրան։
Klobiodon rochei-ի ոսկորները հայտնաբերվել են այն նույն տեղում, ինչ մեգալոզավրի ոսկորները, որը ժամանակին գիտականորեն նկարագրված առաջին դինոզավրն էր։




























