Սիդնեյում գունագեղ շոուի եւ հրավառության կազմակերպիչները սխալվել են՝ կեսգիշերիյն բոլորին շնորհավորելով «Նոր 2018 տարվա» կապակցությամբ: Միջոցառման մենեջերները ներողություն են խնդրել՝ բոլորին խնդրելով հումորով վերաբերվել եւ պահպանել բարձր տոնական տրամադրությունը, գրում է RG-ն:
Դեպքը տեղի է ունեցել հրավառության ժամանակ, որը դիտելու համար Սիդնեյի ծոցում, ըստ կազմակերպիչների գնահատականների, հավաքվել էր ավելի քան մեկ միլիոն մարդ: Գունագեղ հրավառության շոուի ժամանակ, որի ժամանակ ընդհանուր մոտ 6 մլն դոլար արժողությամբ 8,5 տոննա տարբեր ճայթռուկներ, հրթիռներ են արձակվել, հանրահայտ Հարբոր բրիջ կամուրջի սյուներին լազերալուսային գրություն է հայտնվել՝ «Happy New Year 2018!» ( «Երջանիկ Նոր 2018 տարի»):
Շատ դիտողներ նկատել են սխալը եւ նկարները սոցցանցերում հրապարակել՝ տարբեր հումորային արտահայտություններով մեկնաբանելով, օրինակ՝ «վերադառնում ենք անցյալ»:
Հանուն արդարության պետք է խոստովանել, որ գրություններով լուսային պատկերները մի քանիսն են եղել եւ մնացածներում գալիք տարին ճիշտ է նշված եղել:





























