Crew Dragon փորձարկվող տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան կկայանա փետրվարին, հայտարարել է Twitter-ում SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, հաղորդում է Մեդուզա-ն:

Տիեզերանավը կիրականացնի առաջին թռիչքն առանց անձնակազմի:

«Մոտ մեկ ամիս է մնում Crew Dragon-ի առաջին ուղեծրային փորձաթռիչքին»,-գրել է Մասկը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու տիեզերագնացների հետ առաջին թռիչքը Crew Dragon-ը կիրականացնի 2019 թվականի հունիսին: Դեռեւս պարզ չէ՝ այդ ծրագիրն ուժի մեջ է, թե ոչ:

Crew Dragon-ը փորձարկվող տիեզերանավ է, որը մշակվել է SpaceX-ի կողմից Միջազգային տիեզերակայան անձնակազմին տեղափոխելու համար:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Crew Dragon-ի առաջին թեստային թռիչքը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերին, սակայն ավելի ուշ հայտարարվել էր ժամկետները հետաձգելու մասին:

Ներկայումս Միջազգային տիեզերակայան անձնակազմի տեղափոխման միակ միջոցը «Սոյուզ» ռուսական տիեզերանավերն են:

SpaceX-ը հաջողությամբ ուղարկում է դեպի Միջազգային տիեզերակայան Dragon բեռնատար տիեզերանավերը: