Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է միջազգային միջնորդների մասնակցությամբ ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Ես պատրաստ եմ ընդդիմության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, որպեսզի խոսենք ի բարօրություն Վենեսուելայի՝ խաղաղության եւ նրա ապագայի համար»,- ասել է նա:

Խոսելով միջազգային միջնորդների ներգրավման մասին՝ Մադուրոն նշել է, որ «աշխարհում կան մի քանի կառավարություններ, կազմակերպություններ, որոնք անկեղծորեն մտահոգված են Վենեսուելայում տեղի ունեցողով, նրանք երկխոսության կոչ են արել»: Եվ ինքը կուզենար, որ նրանք «աջակցեին Վենեսուելայում երկխոսությանը»:

Հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային ցույցեր են սկսվել ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն ժամանակավոր կառավարության գործունեության ժամանակահատվածում իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ-ն եւ մի շարք երկրներ հայտարարել են նրան ճանաչելու մասին: Ռուսաստանը Մադուրոյին աջակցել է որպես Վենեսուելայի օրինական նախագահ: