Ամերիկացի գործարար եւ նորարար Իլոն Մասկը անվճար հիմունքներով հասանելի է դարձրել Tesla կորպորացիայի բոլոր պատենտները, հաղորդում է 24ՍՄԻ-ն՝ հղում կատարելով կորպորացիայի կայքում Մասկի հայտարարությանը: 

Մասկը նշել էր, որ պատենտների համակարգը թերի է եւ վնասակար մարդկության զարգացման համար: Նրա կարծիքով՝ պատենտավորված գյուտերից առավելագույն շահույթ են ստանում ոչ թե դրանց հեղինակները, այլ կորպորացիաներն ու փաստաբանները:

Tesla-ի կայքում իր հայտարարության մեջ Իլոնը խոստացել է, որ նրա ընկերությունը պատենտները խախտելու համար դատական հայցեր չի ներկայացնի:

«Եթե մենք մաքրում ենք էլեկտրամոբիլների ստեղծման ճանապարհը, սակայն մեզ ենք պահում «մտավոր սեփականության ականները», ապա գործում ենք այդ նպատակի դեմ»,-հայտարարել է Մասկը:

Մասկն արդարացել է, որ սկզբում պատենտների համակարգը կիրառվում էր խոշոր ավտոարդյունաբերողներից պաշտպանվելու համար, որոնք «կջախջախեին» Tesla-ին իր իսկ գյուտերի միջոցով: Սակայն այժմ նա հասկացել է, որ սխալվում էր, քանի որ ավտոշուկայի խոշոր խաղացողներին չեն հետաքրքրում այլըտրանքային վառելիքով աշխատող մոդելները կամ էլեկտրամոբիլները:

Այժմ գործարարը հույս ունի գտնել էկոլոգիապես մաքուր էլեկտրամոբիլներ ստեղծելու կողմնակիցներ ամբողջ աշխարհից գյուտարարների շրջանում, որոնք կօգնեն նրան հաղթահարել Երկրի մթնոլորտի աղտոտվածությունը: