Հայաստանի համար անչափ կարեւոր է արդարադատության համակարգի զարգացումը: Փետրվարի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդարադատության նախարարության հետ մշտական շփումների մեջ է, սեղանի վրա են ԵՄ առաջարկները: «Հասկանում ենք, որ բարեփոխումների պատրաստման գործընթացը շարունակվում է, եւ դա չափազանց կարեւոր ենք համարում: Կառավարությունը եւս հայտարարել է, որ սա առաջնահերթություն է, եւ արդեն դրական փոփոխություններ են կատարվել»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ հիմա իրավիճակը շատ է տարբերվում մինչեւ ապրիլ-մայիս եղած իրավիճակից: «Սա նշանակում է, որ ընդհանրապես քննադատելու պատճառ չկա, բայց կառավարությունը համապատասխան պարտավորություններ է ստանձնել, եւ ամենագլխավորը քաղաքացիների կարծիքն է, նրանք են վերջնական դատավորը»,- հիշեցրեց դեսպանը:
Եվրոպացի դիվանագետը նշեց, որ նոր Հայաստանը սկսել է վստահության ցածր մակարդակից: Սվիտալսկին չներկայացրեց մինչ իշխանափոխությունը դատարանների հանդեպ բնակչության վստահության թվեր՝ միայն նշելով, որ ճանապարհին մարտահրավերները շատ են: Երկրի երկրորդ նախագահի դատական հետապնդման մասին հարցին դեսպանը պատասխանեց, որ առանձին դեպքերը չի մեկնաբանում: «Հավատում ենք, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի մի մասն է, եւ ցանկացած քաղաքացի կարող է որոշումը բողոքարկել ՄԻԵԴ-ում»,- հայտարարեց դեսպանը: Ընդ որում՝ նա շեշտեց, որ կան ՄԻԵԴ-ի ընդունած մի շարք կարեւոր որոշումներ, որոնք վերաբերում են քաղաքական իրավունքերին եւ ազատություններին: «Դրանք մեզ համար մեկնակետ են: Հատկապես Կոնվենցիայի 14-րդ կետը: Անցյալում դրա խախտման դեպքեր են հայտնի: Մեր կարծիքով՝ նոր Հայաստանում դատարանները պետք է թափանցիկ աշխատեն, եւ բոլորը պետք է իմանան, որ կարող են որոշումը բողոքարկել ՄԻԵԴ-ում: Մենք պետք է վստահենք Հայաստանի դատական համակարգին, իսկ դատարանները պետք է հետեւեն ինչպես հայրենական, այնպես էլ եվրոպական ստանդարտներին»,- հայտարարեց Պյոտր Սվիտալսկին:
Ի պատասխան անցումային արդարադատության մասին հարցին՝ դիվանագետը հայտարարեց, որ այս հարցը Հայաստանն ինքը պետք է լուծի, սակայն չպետք է կուրորեն հետեւել այլոց փորձին: «Աշխարհում նման փորձ կա եւ նույնիսկ Եվրոպայում: Մենք կարող ենք առաջարկել նայել այլոց պրակտիկան, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել: Բայց եթե Արեւմտյան Բալկաններում, օրինակ, այն աշխատեց, դեռ փաստ չի, որ այստեղ էլ կաշխատի»,- նշեց դեսպանը՝ շեշտելով, որ անցումային արդարադատության կիրառումը պետք է ուղղված լինի ապագային, աշխատի որպես ընդհանուր բարեփոխումների մաս:





























