Վերջին շրջանում միջազգային կառույցներում Հայաստանի վարկանիշը զգալիորեն բարձրացել է, ինչի մասին է վկայում երկրում իրադրության հանդեպ դրսեւորվող հետաքրքրությունը: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսում այս մասին ասաց պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկինում Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված էր բացառապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, ապա հիմա դա կապված է երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների հետ: Պատգամավորի կարծիքով՝ սա Հայաստանին թույլ կտա ավելի խորը թափանցել ԵԱՀԿ ԽՎ շրջանակում ընթացող գործընթացների մեջ, ինչպես նաեւ հնարավորություններ է ընձեռում երկրի շահերի առաջմղման, դրանց լոբբինգի, նոր շփումների հաստատման համար:

Կոնջորյանը նաեւ հայտնեց, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքի շրջանակում ելույթ է ունեցել կառույցի մոնոիթորիգային առաքելության ղեկավար Պիտեր Օսունսկին, որը Հայաստան էր այցելել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շրջանում: «Վերջինն ընդգծեց, որ Հայայստանում ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների հիմքի վրա: Վերջում նա հայտարարեց, որ դարձել է «հայկական հրաշքի» ականատեսը: Ընդ որում՝ հայտնեց, որ իր 20 տարվա գործունեության ընթացքում Հայաստանում ընտրությունները իր համար ամենատպավորիչն էին: Եվ այս մասին նա հայտարարեց նման բարձր ամբիոնից»,- ասաց հայկական պատվիրակության ղեկավարը:

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը տեղի է ունեցել փետրվարի 21-22-ին Վիեննայում: