ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական Սումգայիթում հայերի ցեղասպանության 31-րդ տարելիցի հետ: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է իր Facebook-յան էջում:

Ըստ կոնգրեսականի՝ 31 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթում սպանվել եւ վիրավորվել են հարյուրավոր խաղաղ հայեր: Բռնաբարվել են կանայք եւ երիտասարդ աղջիկներ, զոհերին խոշտանգել են եւ այրել:

«Ադրբեջանը ավելի քան 30 տարի փորձում է թաքցնել սումգայիթյան վայրագությունները»,- նշել է կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ ավելի շատ մտահոգում է այն, որ այդ իրադարձությունների կազմակերպիչները համարվում են Ադրբեջանի ազգային հերոսներ:

«Չափազանց կարեւոր է, որպեսզի ԱՄՆ կառավարությունը ճանաչի եւ դատապարտի խաղաղ բնակիչների վրա հարձակումները: Այս պատճառով ես շարունակում եմ աջակցել հայ ժողովրդին եւ այս ջարդերը դատապարտում եմ: Ցավոք, հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կառվարության վերաբերմունքը փաստացի չի փոխվել»,- նշել է Փալոնեն՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից շարունակվում է ահաբեկելու հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի բնակիչների դեմ: