Հայաստանի կառավարությունն արտագաղթի աճը կանխելու ուղղությամբ ռազմավարություն է մշակում։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։
Նրա խոսքով, ռազմավարությունը նախատեսում է Հայաստանում բարենպաստ պայմաններ ստեղծել, ինչն էլ թույլ կտա կրճատել արտագաղթը։ «Մասնավորապես, դա վերաբերում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ, լքելով Հայաստանը, ամենից առաջ արտասահմանում աշխատանք են փնտրում»,- նկատել է Գեւորգյանը՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե արտագաղթը Հայաստանում ահագնացող չափեր է ընդունում եւ որ Հայաստանն այս ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղն է գրավում։
«Եթե այս դինամիկան շարունակվի, Հայաստանը կլքի 200 հազար մարդ։ 30 տարի հետո բնակչությունը կկրճատվի 1,5 միլիոնով»,- հայտարարել է Գալստյանը։





























