ԵՊՀ-ում այսօր՝ մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի 1-ին կուրսում, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող ուսանողների համար սահմանված կրթաթոշակին արժանացած ուսանողների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Շուրջ 800 գրանցված հայտերից կրթաթոշակի են արժանացել 600 ուսանողներ, որոնցից լավագույններին հավաստագրեր է հանձնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արարողությանը ներկա են եղել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հավաստագրերի հանձնումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է պետհամալսարանում ելույթ ունենալ ուսանողների առջեւ: Ուզում եմ շնորհավորել այն ուսանողներին, որոնք հիմնադրամի կողմից կրթաթոշակ են ստանում առաջադիմության համար: Այսպիսով, ուզում ենք խրախուսել ուսանողների առաջադիմությունը եւ նրանց ցույց տալ, որ ժամանակակից աշխարհը ինտելեկտի, գիտելիքի մրցակցության աշխարհ է, օրեցօր այս գործոնների ազդեցությունն ուժգնանում է»:
Նշենք, որ ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ, որի շրջանակներում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է տրամադրվել շուրջ 60 մլն դրամ: Տեղեկացնենք, որ արդեն մեկնարկել է կրթաթոշակի արժանացած ուսանողների ուսման մեկ կիսամյակի համար հատկացված վարձավճարների` բուհերին փոխանցման գործընթացը:




























