Հայաստանը, լինելով Եվրասիական միության անդամ, միևնույն ժամանակ կարողանում է Եվրամիության հետ իր հարաբերությունները լայնացնել և խորացնել։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ասել է «Կոնրադ Ադեանուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ԳԴՀ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության՝ «Կոնրադ Ադենաուերի» հիմնադրամը՝ ՀՀ-ում 10-ամյա հոբելյանական գործունեության առիթով:
Թոմաս Շրապելի խոսքով՝ Հայաստանը վերջին տարիներին վարում է շատ խելամիտ արտաքին քաղաքականություն․ «Ոմանք, իհարկե, այսպիսի համադրության մեջ հակասություններ են տեսնում` մի կողմից Եվրամիություն, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միություն: Մեզ համար որպես «Կոնրադ Ադենաուերի» ներկայացուցիչների, դա հակասություն չի համարվում: Ավելի քան համոզված ենք, որ այդ համադրությունը ոչ թե «կամ-կամ» , այլ «և-և» սկզբունքով է»,-նշել է նա:
Շրապելն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական առանձնահատուկ դիրքի պայմաններում Հայաստանի համար կարևոր է խելամիտ և իմաստուն արտաքին քաղաքականությունը: «Համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս վերադասավորումներից հետո էլ կշարունակի իր ուղին»,– ասել է Թոմաս Շրապելը:





























