Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որը նպատակ ունի զսպել գնաճը, գները ֆիքսելու ճանապարհով, իր բնույթով հակաշուկայական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի`առաջին  անհրաժեշտության որեւէ ապրանքի գծով, եթե մեկ ամսվա ընթացքում 30 տոկոսի աճ է գրանցվում, ապա կառավարությանը տրվում է լիազորություն 90 օրվա ընթացքում ինքնուրույն սահմանել այդ ապրանքի գինը:

«Սա մեկ անգամ եւս փաստում է, որ իշխանությունը տնտեսությունում տեղի ունեցող իրավիճակին չի տիրապետում, սպառել է հնարավոր բոլոր լծակներն ու արդեն անցել է հակաշուկայական, վարչական մեթոդներով շուկայում կանոններ հաստատելուն»,-նշեց Խաչատրյանը: Նա նաեւ հավելեց, որ տարիներ շարունակ ինքն եւ իր գաղափարակիցները հայտարարում էին, որ մենաշնորհային տնտեսության վերջը լինելու է առկա իրավիճակը: «Չի կարող երկրում որեւէ ապրանքի արտադրության կամ ներկրման 100 տոկոսանց մենաշնորհ լինել, որը հովանավորվում է իշխանության ամենաբարձր պաշտոնյաների կողմից եւ ի վեջո չգանք սրան: Այս նախաձեռնությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն եւ նրա կառավարությունն այլեւս իրավունք չունեն խոսել շուկայական տնտեսությունից»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով` կարելի է արձանագրել, որ գործող կառավարությունը դավաճանել է ազատ շուկայական տնտեսության գաղափարներին ու անցել է կենտրոնացված, մեկ կետից իրականացվող կառավարման մեթոդին, որը կիրառվում էր նախկին խորհրդային միության ժամանակ:

Վահագն Խաչատրյանը մեկնաբանեց նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի տեսակետը, թե նշված օրինագիծը նպատակ ունի զսպել «որոշ սպեկուլյանտների ախորժակը, ովքեր օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պայմաններից ելնելով` բարձրացնում են իրենց ապրանքի գինը»: Նա նշեց, որ Հայաստանում որեւէ արտադրող կամ ներմուծող չի կարող սպեկույլացիայով զբաղվել, եթե չունենա «վարեւների թույլտվությունը»:

«Գնաճի բացատրությունը մեկն է` Հայաստանում չկա շուկա, չկա մրցակցություն, տնտեսությունը կառավարվում է ոչ թե օրենքներով, այլ իշխանավորների ցանկություններով: Այս պայմաններում տնտեսական որեւէ լծակ, որը կփորձի կիրառել Կենտրոնական բանկը Կառավարության հետ միասին, չի կարող աշխատել: Մինչեւ չվերացվի օլիգարխիան, այս վիճակը չի վերացվելու»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:   

Նշենք, որ համապատասխան օրինագիծը կառավարությունն ԱԺ է ներկայացնելու ԱԺ առաջիկա քառօրյային: