Ինչպես եւ սպասելի էր, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում մարտի 5-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ լուրջ առաջընթաց չգրանցվեց, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ նախագահների յուրաքանչյուր հանդիպում յուրօրինակ առաջընթաց է, քանի որ այդ հանդիպումները վկայում են, որ բանակցային գործընթացը շարունակվում է։ «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների յուրաքանչյուր հանդիպում նվազեցնում է ղարաբաղյան հակամարտության գոտում առկա լարվածությունը, եւ դա արդեն իսկ առաջընթաց է»,- նկատեց քաղաքագետը՝ առաջընթաց համարելով նաեւ նախագահների համատեղ հայտարարությունը։

«Կարծում եմ, այդ հայտարարությունը զսպող գործոն կդառնա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ճանապարհին»,- նկատեց Բոզոյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, հայտարարությունը ստորագրել է Ռուսաստանի եւ ԵԱՀԿ այլ համանախագահող երկրների ճնշման ներքո, քանի որ հայտարարությունը դժվարացնելու է Բաքվի ռազմատենչ պլանների իրականացումը։

Նշենք, որ Սոչիում մարտի 5-ին արված նախագահների համատեղ հայտարարությունում  ասվում է.

1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ: