«Ժամանակ»-ը զրուցել է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի պետերբուրգյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը չի բարձրացնի Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող գազի գինը, եւ սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ռուսական կողմը խոսում էր գազի գնի բարձրացման մասին: Ձեր գնահատմամբ, ի՞նչ պատահեց, որ կողմերը եկան նման համաձայնության, ինչի՞ դիմաց Ռուսաստանը չթանկացրեց գազը:

Ամեն ինչ պարզ է` Գյումրիում գործող ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման դիմաց: Իսկ ընդհանուր առմամբ, հետագայում կձեւավորվի նման բազաների համակարգ. Կանտ (Ղրղզստան), Գյումրի (Հայաստան), Ինջիրլիկ (Թուրքիա): Մեծ հաշվով, Հայաստանի նկատմամբ իրականացվող «գազային դիվանագիտության» դարաշրջանն ավարտվում է: Նոր ժամանակներ են գալիս, եւ սկսվում են նոր «խաղեր»:

Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումից հետո հրապարակվեց տեղեկատվություն, որ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել 24 մարտական ուղղաթիռներ: Պարոն Տարասով, այս գործարքը, Հայաստանի հետ գազի գնին առնչվող գործարքը եւ մարտի 5-ին Սոչիում սպասվելիք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը միամյանց հետ որեւէ առնչություն ունե՞ն:

Պետք չէ խանդել Ռուսաստանին Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նախկին կնոջը: Ադրբեջանին անհրաժեշտ է ռազմա-տեխնիկական առումով ամրապնդվել` հաշվի առնելով հարավից եկող մարտահրավերները: Այդ մարտական ուղղաթիռները նախատեսված չեն Հայաստանի հետ պատերազմական գործողությունների համար: Ղարաբաղյան խնդիրը լուծվելու է սկզբունքորեն այլ սցենարով: