Ուղեւորատար ինքնաթիռի թռիչքը դեպի Տոկիո հետաձգվել է մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանում ականապատման մասին անանուն հաղորդագրության հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
«Անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվա-Տոկիո չվերթի ինքնաթիռը պայթեցնելու սպառնալիքով»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ թռիչքը հետաձգվել է օդանավը հետազոտելու համար: Բոլոր ուղեւորները գտնվում են օդանավակայանի սպասման սրահում:
Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Boeing 787-ով Մոսկվայից Տոկիո պետք է մեկներ 298 ուղեւոր:
Ռուսաստանում ականապատման մասին հաղորդագրությունների եւ զանգերի նոր ալիքը բարձրացել էր հունվարին եւ վերաբերել ինչպես Հեռավոր Արեւելքի, այնպես էլ հարավային եւ հյուսիս-արեւմտյան տարածաշրջաններին: Նմանատիպ իրավիճակ էր շուրջ մեկ տարի առաջ, երբ ՌԴ-ում կազմակերպությունների եւ առեւտրի կենտրոնների ականապատման մասին զանգվածային զանգերը սկսվել էին 2017 թվականի սեպտեմբերի 11-ին: Ըստ Անվտանգության դաշնային ծառայության Մոսկվայի վարչության տվյալների՝ անանուն զանգեր են եղել Ռուսաստանի 85 շրջաններից 75-ում: Ըստ ԱԴԾ-ի՝ միայն Մոսկվայում կեղծ «ականապատման» վնասը կազմել էր 150 մլն ռուբլի: Ընդհանուր առմամբ տարհանվել էր շուրջ 2 մլն մարդ հազարավոր առեւտրի կենտրոններից, կայարաններից եւ այլ վայրերից ամբողջ երկրի տարածքով: Սակայն պայթյունի սպառնալիքը որեւէ դեպքում չէր հաստատվել:



























