Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր՝ մարտի 9-ին ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին եւ նարնց հետ քննարկել քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Հրայր Թովմասյանը դեսպան Յանեշ Լենարչիչին ներկայացրել է ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջիկա քայլերը: Անդրադարձ է եղել դատաիրավական բարեփոխումներին եւ մասնավորապես քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգին, որի քննարկումն, ի դեպ, ընդգկված է կառավարության մարտի 10 նիստի օրակարգում: Ինչպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար դեսպանին տեղեկացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հայեցակարգը մշակվել է հաշվի առնելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք ներկայացվել էին Հայաստանում անցկացված դիտարկման արդյունքում:

Դատաիրավական ոլորտում խնդիրները բազմաշերտ են, սկսած օրենսդրությունից, մինչեւ դրանց գործնական կիրառումը, ասաց արդարադատության նախարարը, միեւնույն ժամանակ հավելելով, որ կան նշված խնդիրների լուծման հստակ ճանապարհներ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար դեսպան Յանեշ Լենարչիչն առաջարկել է օրենսդրության բարեփոխման նախապատրաստական աշխատաքներում ներգրավել նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: «Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացած ակտիվ կա, որը կարող է էական աջակցություն ցուցաբերել»:

Դեսպանը եւս փորձագիտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: