Խորհրդարանում երկու օր է՝ սուպերվարչապետության թեմայով իշխող ու ընդդիմադիր թեւերը վիճում են, մեկը մյուսի հռետորիկայից է բողոքում եւ հորդորներ ուղղում իրար՝ գրեթե սպառնալով։ Այսօր վեճը շարունակվեց նոր ուժով, երբ «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը՝ ԲՀԿ-աններին հիշեցրեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանի 15 տարվա լռությունը։ Վեճի արձագանքները շարունակվեցին միջանցքում, նախ Ծառուկյանը գրեթե հավասարեցրեց իր անձն ու իր թիմակիցներին՝ համարելով, որ եթե նրանք ամբիոնից խոսել են, ուրեմն ինքն է խոսել։ Իսկ Վահագն Հովակիմյանին խորհուրդ տվեց խոսելուց առաջ իր չարած գործերը համեմատել Ծառուկյանի արած գործերի հետ։
Կառավարության նոր կառուցվածքի նախագիծը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց, ԲՀԿ- ու ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին։ Այնուամենայնիվ, իշխող թիմը մի զիջման պատրաստ է, հանդես են գալու սահմանադրական նախաձեռնությամբ, որպեսզի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն խորհրդարանին։
Խորհրդարանը նաեւ քննարկում էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր նախագահի նշանակման հարցը, թեկնածուն Գարեգին Բաղրամյանն է, այժմ էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը: Բաղրամյանը նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է, ավելի պարզ՝ բաջանաղը։ Արդյոք բարեկամական կապը դեր խաղացել է այս առաջադրման համար․ հարցրեց ԼՀԿ-ից Գեւորգ Գորգիսյանը։
Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը հաստատվեց, 85 կողմ, 20 դեմ ձայներով նա ընտրվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
Այն, ինչ մամուլը ենթադրում էր՝ իր աղբուրներին հղում անելով, այսօր հաստատվեց։ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ նրա աշխատակիցներին վերաբերող քրեական գործով։ Այս մասին հայտնել է ԱԱԾ-ն։ Ըստ ձեռք բերված ապացույցների՝ Սանասարյանը խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության գործունեությանը նպաստելու համար պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև՝ չի կատարել ծառայողական պարտականությունները: Խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու նաեւ որոշում է կայացվել, որն ուղարկվել է վարչապետին:
Մինչ այս կեսօրին՝ Դավիթ Սանասարյանը բավական վստահ էր խոսել իր անմեղության մասին, եւ բացառել, որ վարչապետը կարող է իր նկատմամբ քաղաքական հետապնդման պատվեր տալ։ Այն, որ շարունակում է պաշտոնավարել, Սանասարյանը համարել էր վարչապետի վստահության նշան, եւ ինքն էլ, որ ազատման դիմում չի գրել, դարձյալ վստահության նշան է, այնուամենայնիվ պետական վերահսկողական ծառայությունը ոմանց ոտքը տրորած կլինի եւ այդ ոմանք, ըստ նրա, փորձում են հրահրել, որպեսզի ինքը դուրս գա վարչապետի դեմ։
ԱԱԾ աշխատակիցները եւ ՀՔԾ-ի քննիչներ մտել են նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն եւ գրասենյակ՝ խուզարկություն իրականացնելու։ NEWS.am-ի տեղեկություններով՝ առգրավվել են համակարգիչ եւ որոշ փաստաթղթեր։ Միհրան Պողոսյանի գրասենյակը այս քայլերը գնահատել է որպես ռեպրեսիվ եւ ակնհայտ քաղաքական հետապնդում։
Աղբի թեման քաղաքապետ Մարությանը հասցրեց կառավարություն, երկար պատմեց, թե ինչպես քաղաքում աղբը դարձավ անվերահսկելի եւ դրա դեմն առնելու համար քաղաքապետարանը պետք է երկուսուկես տասնյակ աղբահանման մեքենաներ գնի։ Իսկ Սանիթեքի վրա հույս դնել չի կարելի, քանի որ նրանց տեխնիկան հնացել է, եւ փող էլ չունեն նորը գնելու համար։ Մինչ այսպես քննարկում էին, կառավարության բակում ավագանու լույս խմբակցության անդամները քննադատում էին քաղաքապետին։ Ըստ նրանց՝ Մարությանը մրցույթի այնպիսի չափանիշներ է սահմանել, որ դրան կարող են մասնակցել միայն «Կամազը» եւ «Մազը»։
Այսօր առավոտյան զորամասերից մեկի զինանոցում կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածք է ստացել 24-ամյա զինծառայող։ Հոսպիտալացվելուց հետո նա մահացել է։ Ըստ քննչական կոմիտեի՝ զինծառայողն է կրակել իր կրծքավանդակին։ Նրա համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։ Նախաքննությունը շարունակվում է:
«Սպայկայի» 36-ամյա աշխատակից Գեւորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով, այսօր հայտնաբերվել է նրա ծնողների գերեզմանոցում։ Գեւորգ Այվազյանը խնամքին ունեցել է երեք երեխա։ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 482 դրամ, եվրոն 543 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 628, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 54 դրամ:
Ապրիլի 19-ին Հայաստանում մարզերի մեծ մասում տեղումները կշարունակվեն, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ։ Երեւանում երբեմն սպասվում են անձրեւներ, ամպրոպ եւ քամու ուժգնացում։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +11+13։











