Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ նրա հայաստանյան գործընկերը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) դատապարտում են քաղաքական ընդդիմադիրների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վերջերս իրականացված եւ կրկնվող ոտնձգությունները։ Այս մասին ասվում է կազմակերպությունների տարածած համատեղ հայտարարությունում:

Ըստ այդմ, նշվում է, որ  2011թ. փետրվարի 23–ին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, հրավիրվել է ԱԱԾ եւ այնտեղ ձերբակալվել։ Հարազատներին թույլ չի տրվել նրան տեսակցել:

«Ըստ 2011թ. փետրվարի 21-ի Գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 (1) հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը):

Նախաքննությունը գտնվում է ԱԱԾ–ի վարույթում, մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190–րդ հոդվածի առաջին մասի համաձայն 3111 հոդվածով նախատեսված հանցագործության նախաքննությունը պետք է կատարեն ոստիկանության քննիչները:
2011թ. փետրվարի 25–ին դատարանը որոշում կայացրեց կիրառել կալանքը որպես խափանման միջոց՝ պարոն Փոստանջյանի նկատմամբ։ Մարտի 2–ին նա տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շարունակաբար զգալի գերբնակեցում է արձանագրվում:
Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ Տ. Փոստանջյանի տեղափոխումը վերջինիս նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է:

Մեր կազմակերպությունները մտահոգված են այն հանգամանքով, որ քրեական գործի հարուցումը նպատակ ունի ճնշում գործադրել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ՝ նրանց ընտանիքների անդամներին հետապնդման միջոցով: Բացի այդ, FIDH-ը եւ ՔՀԻ-ն շարունակաբար քննադատել են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնույթ կրող չարաշահումները՝ նախնական կալանքի կիրառման եւ առհասարակ արդարադատության իրականացման ընթացքում:

Մեր կազմակերպություններն իրենց մտավախությունն են հայտնում առ այն, որ պարոն Փոստանջյանի արդար դատավարության իրավունքը երաշխավորված չի լինի:
Այս իրադարձությունները տեղի են ունեցել կառավարության կողմից ընդդիմադիր խմբերի, կուսակցությունների նկատմամբ մշտապես կիրառվող ճնշումների համատեքստում:

Մարտի 3-ի առավոտյան ոստիկանական ուժերը ցրեցին Կառավարական շենքի մոտ խաղաղ ցույցը, որն ուղղված էր փողոցային առեւտուրը արգելող որոշման դեմ: Ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով հետ մղեցին ցուցարարներին՝ խախտելով նրանց խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը։ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անմիջական մասնակցություն է ունեցել այս միջադեպին։ Ցուցարարների շարքերում էին «Ժառանգություն» կուսակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Անահիտ Բախշյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջել է հետաքննել այս դեպքի հանգամանքները եւ փաստի առիթով հարուցել քրեական գործ: Մարտի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց Ոստիկանությանը՝ անցկացնել ծառայողական քննություն ոստիկանների գործողությունների օրինականության վերաբերյալ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Բացի այդ, FIDH-ը եւ ՔՀԻ-ն կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝
- իրականացնել թափանցիկ, անկախ եւ լիակատար քննություն Տիգրան Փոստանջյանի գործով,
- զերծ մնալ ընդդիմության անդամների կամ նրանց բարեկամների դեմ ուղղված անօրինական գործողություններից,
- երաշխավորել, որպեսզի Ոստիկանության գործողությունները համապատասխանեն օրենքով իրենց տրված լիազորություններին,
- երաշխավորել խաղաղ հավաքների ազատությունը: