Արդեն մի քանի օր է, ինչ NEWS.am-ի խմբագրություն են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ տարակուսանք հայտնում, որ տեւական ժամանակ է, հակածխախոտային «Տաբեքս» դեղամիջոցը մայրաքաղաքի դեղատներում ոչ մի կերպ չեն գտնում։ Փաստի իսկությունը ստուգելու եւ մանրամասներ ճշտելու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանի հետ։

Հենց սկզբից, չգիտես ինչու, բավական ագրեսիվ տրամադրված Հարությունյանն ամեն կերպ խուսափում էր հարցերին պատասխանել, սակայն  ի վերջո հնարավոր եղավ իմանալ, որ «Տաբեքսը» Հայաստան չի ներկրվում մեծ պահանջարկ չունենալու եւ դեղամիջոցի՝ գրանցման ժամկետն ավարտվելու պատճառով։ «Այժմ դեղատներում «Տաբեքսին» փոխարինող մաստակներ կան»,- ասաց Հարությունյանը։

Երբ փորձեցինք պարզել, թե ե՞րբ է ավարտվել դեղորայքի գրանցման ժամկետը, չի՞ ներկրվելու արդյոք այն Հայաստան, բաժնի պետի չպատճառաբանված ագրեսիան հասավ իր գագաթնակետին։ «Ես այստեղ նստած չեմ, որ նման կամերչեսկի (առեւտրային) հարցերի պատասխանեմ։ Այս պահին չեմ կարող նման հարցերի պատասխանել»,- ասաց նա՝ միաժամանակ խորհուրդ տալով «Տաբեքսի» բացակայությամբ անհանգստացած բոլոր քաղաքացիներին ուղղորդել իրենց նախարարություն, ուր եւ նրանց համապատասխան բացատրություններ կներկայացվեն։

Դիտարկմանը, որ հնարավոր չէ բոլոր քաղաքացիներին նախարարություն ուղարկել եւ ավելի ճիշտ կլինի, եթե նա համապատասխան տեղեկատվությունը տասնյակ քաղաքացիներին առանձին-առանձին տալու փոխարեն տրամադրի լրատվամիջոցներին, բաժնի պետն արձագանքեց. «Լավ, եթե ինձ ժամանակ տաք, կփորձեմ մեկ օրից մանրամասն տեղեկություններ տալ»:

Սակայն հաջորդ օրը նա անհասանելի դարձավ, քանի որ անըդհատ խորհրդակցությունների մեջ էր (քարտուղարուհու հավաստմամբ):

Նշենք, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանում այսօր կանոնավոր ծխող է համարվում մեծահասակ (16 տարեկանից բարձր) բնակչության 27 տոկոսը։