«Արմավիան» թանկացրել է որոշ ուղղություններով իրականացվող չվերթերի գները, ինչն անակնկալի է բերել ուղեւորությունների մեկնող քաղաքացիներին: NEWS.am-ին «Արմավիայից» պարզաբանեցին, որ թանկացումը պայմանավորված է «վառելիքի գների կտուկ թանկացմամբ» (մեկ տոննայի դիմաց` 170 դոլար): «Հետեւապես, մեծացել է վառելիքային տուրքը եւ որոշ ուղղություններով իրականացվող չվերթները թանկացել են»,-մեր գրավոր հարցմանն ի  պատասխան հայտնել է «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան: Թե ո՞ր ուղղությամբ են արձանագրվել թանկացումները, որքա՞ն է  կազմել թանկացումը` «Արմավիայի» մամուլի խոսնակը չի մանրամասնել:

Նշենք, որ եթե մոտ մեկ շաբաթ առաջ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղության տոմսն արժեր 120 հազար դրամ, այժմ այն դարձել է մոտ 170 հազար:

NEWS.am-ը զանգահարեց  ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի քանի գրասենյակներ, որտեղ եւս հաստատեցին տոմսերի գների աճի մասին եւ նշեցին, որ այս հարցում պատասխանատուն «Արմավիան» է: «Ատլանտիս-տուրում», օրինակ Երեւան-Մոսկվա մեկ ուղղության տոմսը արժե մոտ 100 հազար դրամ, կին ուղեւորների դեպքում գործում է 25 տոկոս զեղչ՝ 80 500 դրամ: Իսկ Երեւան Դուբայ տոմսն արժե 149 հազար դրամ եւ այն թանկացել է մոտ 10 հազար դրամով: «Նորդ-օստում» եւս Երեւան-Մոսկվա մեկ ուղղության տոմսի գինը մոտ 101 հազար  դրամ է, իսկ 25 տոկոս զեղչով` 81 հազար դրամ: