Հայաստանի առողջապահության նախարարությունը սկսել է ստուգումներ անցկացնել մարզային հիվանդանոցներում: Նախարարության հատուկ հաձնախումբն այս օրերին ավարտել է շրջագայությունը Երեւանի հիվանդանոցներում ու անցել մարզերին: Շիրակի մարզում հանձնաժողովը եղել է հիվանդանոցներում: Ստուգումներն անցկացվել են գիշերային ժամերին եւ սանիտարական խնդիրներ են արձանագրվել: Նկատողություններ են ստացել բուժքույրերը, նրանց հորդորել են զգոն լինել ու լավ աշխատել:

«Ընդհամենը այն,ինչ տեսել են, եղել են ներակրիչներ, որոնք առանց օգտագործելու հաշվել ու թողել ենք սեղանի վրա, որպեսզի մյուս հերթի քույրերն ընդունեն: Դրանք նոր են եղել , առանց օգտագործման, ասում են սանիտարական լուրջ խնդիր է ու նկատողություն են արել»,- NEWS.am-ին հայտնել են Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցի հերթապահ բուժքույրերը:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հոնհաննես Հովհաննիսյանն էլ  ասում է, որ իրեն հատկապես դուր է եկել գիշերային ստուգումների ոճը: Ինքն էլ հետեւելու է նախարարական հանձնախմբին  ու սկսելու է գիշերային ստուգումները մարզի բուժհաստատություններում: «Ստուգել են, թերություններ են հայտնաբերել ու պատժել են»,- նշված ձեռնարկի կապակցությամբ  կարծիք է  հայտնել Հովհաննես Հովհաննիսյանը:

Իսկ բուժաշխատողներն այն կարծիքին են, որ իրենց պատժում են այն բանի համար, որ սկսել են բողոքել ցածր աշխատավարձից: «Խոստանում էին, որ 2 անգամ բարձր աշխատավարձ են տալու, հիմա սկսել են ճիպոտահարել, որ աշխատանքներիս վրա դողանք, որ փող չուզենք»,- ասում են նրանք: