Քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հարազատ Վանատուր գյուղում այսօր՝ մարտի 12-ին ակցիա էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի, ում ձերբակալումից անցել է ուղիղ 3 տարի:

Բազմամարդ ակցիային մասնակցելու համար Վանատուր էին ժամանել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Սմբատ Այվազյանը («Հանրապետություն»), Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Գրիգոր Հարությունյանը (ՀԺԿ) եւ այլք:

Հավաքն անցավ ջերմ մթնոլորտում, որի ժամանակ ելույթ ունեցողները կոչ արեցին վանատուրցիներին անպայման մեկ մարդու պես մասնակցել ՀԱԿ-ի մարտի 17-ին Երեւանում նախատեսված հանրահավաքին, ընդգծելով, որ դրանով իրենք կմոտեցնեն Սասուն Միքայելյանի ազատման օրը:
«Այն ինչ տեղի է ունեցել 3 տարի առաջ, երբ ձերբակալվեց Սասուն Միքայելյանն ու մեր մյուս ընկերները, անազնիվ ու տմարդի քայլ էր: Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, մինչեւ երկրում հաստատվի օրինական իշխանություն: Բոլորս էլ անհամբեր ենք, բայց դիմացեք, ճանապարհի մեծ մասն անցել ենք, վերջին ակորդն է մնացել եւ մենք այդ քայլն էլ կանենք»,- իր խոսքում ասաց ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը:

«Եթե ուզում ենք Սասունին ու մյուս քաղբանտարկյալներին տեսնել ազատության մեջ, պետք է միասնական լինենք եւ մասնակցենք առաջիկա հանրահավաքին»,- իր խոսքում ասաց Դավիթ Շահնազարյանը:

«Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանն էլ նշեց. «Սասունն այսօր ավելի ազատ է, քան՝ մենք: Նա, ճաղերի հետեւում լինելով, ազատ է ասել այն, ինչ ուզում է: Մենք ենք, որ փորձում ենք վախենալ ոստիկանից կամ ԱԱԾ աշխատակիցներից: Երբ ազատվենք այդ վախերից, մենք անպայման կհաղթենք: Այս իշխանությունները խաթրով չեն գնա եւ մենք պետք է հեղափոխություն անենք: Սա է ճանապարհը:

Երբ մենք ոտքի ենք կանգնում, մեզ ասում են, թե Սերժ Սարգսյանը գերտերություններին բան է խոստացել, ԼՂ հարցով փաստաթուղթ է ստորագրելու, դրա համար նրան պահում են: Կամ ասում են, եթե անկայունություն լինի Ղարաբաղում կորուստներ կունենանք: Նման բան չկա եւ հենց իշխանությունն է նման լուրեր տարածում: Ճիշտ հակառակը, մենք մեր ոտքի չկանգնելով անընդհատ կորցնում ենք Ղարաբաղի հարցում: Հենց հանուն Ղարաբաղի մեզ հեղափոխություն է պետք՝ բոլորիս մասնակցությամբ»:

Փոքրիկ հանրահավաքից հետո, մարդիկ երթով շարժվեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշարձանի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հերոսներին:

Հատկանշական է, որ ողջ ակցիայի ընթացքում ոչ մի ոստիկան չկար, եւ ակցիան անցավ հանգիստ ու առանց միջադեպերի: