Շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհային դիրք զբաղեցնող եւ շաքարի արտադրության սեփականատեր Սամվել Ալեքսանյանը գործարքի նոր գին է առաջարկել գյուղացիներին. նա 1կգ ճակնդեղի մթերման գինը 25 դրամից բարձրացրել է 35 դրամի: Նշենք, որ անցած տարի սահմանվել էր 1 կգ-ի դիմաց 25 դրամ, իսկ գյուղացիներն հարժարվել էին ճակնդեղ հանձնել՝ պատճառաբանելով, թե շատ էժան է:

Օրերս գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած  խորհրդակցության ժամանակ, «Գյուղատնտեսության նախարարության Շիրակի մարզի աջակցության կենտրոն» ՓԲԸ ղեկավար Ջիվան Ասլանյանը նշել է, որ մարզի ֆերմերները հաշվարկելու են, թե ձեռնտո՞ւ է դա իրենց, թե՝ ոչ, եկամուտ կմնա՞, եթե աշխատեն այդ պայմաններով:

Իսկ Մարզի ֆերմերները պնդում են, որ նոր գինը եւս  ձեռնտու չէ իրենց: «Հաշվարկները նույն արդյունքն են տալիս, ինչ անցած տարի: Եթե այդ գինն առաջարկվեր անցած տարի կաշխատեինք՝ կգ-ը 35 դրամով հանձնելու պայմանով: Մեկ տարվա ընթացքում  դիզվառելանյութը, ազոտական պարարտանյութը 30-50 տոկոսով թանկացել են եւ արդյունքում գյուղատնտեսները նույն եկամուտը կունենան»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ախուրյան համայնքի գյուղատնտեսական հարցերով մասնագետ Վասպուրական Մելիքյանը:

Իսկ ամենահիմնակական խնդիրը ըստ մարզի ֆերմերների, վստահության պակասն է, գյուղացին կորցրել է հավատը եւ մտավախություն ունի, որ ներդրած գումարները կարող են փոշիանալ: «Շատերը ճակնդեղը մշակել- տվել են պահածոների գործարանին, բայց գումարներն ստանալ չեն կարողանում: Հավատ չի մնացել գյուղացու մեջ, մեզ էլ խաբում են: Ասենք վարկ վերցրեցի 10 միլիոն դրամ, բա հետո՞, ե՞ս հայտնվեմ ճգնաժամի մեջ»,- ասում է գյուղատնտես Ատոմ Մաթեւոսյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ գործարանի կողմից որակյալ սերմացուի ձեռք բերման, արտադրական թափոնները որպես անասնակեր գյուղացիներին տրամադրելու եւ երախշիքային այլ արտոնությունների հարցերին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի գյուղացիներին առաջարկվեց ճակնդեղ մշակել ու հանձնել 1կգ-ը 25 դրամով, գյուղացիներն հարաժարվեցին՝ պատճառաբանելով, որ առաջարկված գումարը ցածր է, ֆերմերին եկամուտ չի մնա: