Նիդերլանդների կառավարությունը պահանջել է Մալազիայից բացատրել Դոնեցկի երկնքում կործանված Boeing MH17 շուրջ իր դիրքորոշումը, հաղորդում է ՌԳ-ը՝ հղում անելով Star թերթին:
Երկրի վարչապետ Մահաթհիր Մոհամադը կասկածի է ենթարկել Ռուսաստանի պատասխանատվությունն այդ դեպքի համար:
Վարչապետի խոսքով՝ անհերքելի ապացույցներ չեն հայտաբերվել այն մասին, որ ինքնաթիռի ուղղությամբ հրթիռն արձակվել էր ապստամբների կողմից: Այդ տիպի զինամթերք ունի նաեւ Ուկրաինան: Բացի այդ, գործի փորձաքննությունը կարող էր լինել կանխակալ: «Եզրակացություններն արվել են գործում շահագրգիռ մարդկանց կողմից»,- Star թերթը մեջբերում է Մոհամադի խոսքերը:
Մալազիայի կառավարության ղեկավարի պնդմամբ՝ քննչական կոմիտեի հետաքննության արդյունքները չափազանց քաղաքականացված են: Արդյունքում, համարում է նա, տպավորություն էր ստեղծվել, որ այդ ողբերգության մեջ ցանկացել են մեղադրել Ռուսաստանին, ոչ թե պարզաբանել գործի հանգամանքները:
Նիդերլանդներից Մալազիա ուղեւորված Boeing-777, ինքնաթիռը խոցվել էր «Բուկ» ռազմական սարքավորումից արձակված հրթիռով 2014 թվականի հուլիսին Ուկրաինայի երկնքում: Զոհվել էր 298 մարդ: Ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել հետաքննությանը: Անցկացվել էին հրթիռի արտադրության շուրջ համապատասխան հետազոտությունները, սակայն միջազգային հանձնաժողովը հաշվի չէր առել այդ արդյունքները:





























