Երեւանի Քաղաքապետարանի շենքի առջեւ բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիների հոծ զանգվածն այսօր՝ մարտի 16-ին եկել էր իր բողոքն արտահայտելու բացօթյա առեւտուրն արգելելու որոշման դեմ: Նրանց էին միացել «Ժառանգություն» կուսակցության եւ նույնանուն խմբակցության անդամները:
Բողոքի ակցիայի սկսվելուց 40 րոպե հետո Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից մի աշխատակից, որը չի ներկայացել, իջել է վերեւից` պարզելու բողոքի ակցիայի նպատակը, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցները հայտնել են, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեռ անցյալ շաբաթ 2-րդ նամակն է ուղղել քաղաքապետին` պահանջելով հանդիպում եւ հարցի քննարկում:
Քաղաքապետարանի աշխատակիցը նշել է, որ տեղյակ չէ այդ նամակի մասին:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նամակ էր հղել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ կապված բացօթյա առեւտրի արգելման որոշումը համատեղ քննարկելու «Ժառանգության» առաջարկի հետ:
Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Ժառանգություն» խմբակցությանն ուղարկված Ձեր մարտի 4-ի գրությունը չենք համարում մեր փետրվարի 25-ի գրության պատասխան, որով, հիմնվելով «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջների վրա, մենք ցանկություն էինք հայտնել բացօթյա առեւտրի արգելման մասին Ձեր որոշումը եւ հանձանարությունը քննարկել Ձեր մասնակցությամբ`փոխզիջումային լուծում գտնելու նպատակով:
Մինչդեռ մարտի 10-ին իմ օգնականը քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարից տեղեկացվել է, որ հանդիպմանը Դուք չեք մասնակցելու: Հետեւաբար ձեր գրության մեջ նշված մարտի 12-ի ժամը 12:00-ի հանդիպումը չի կարող համարվել «ԱԺ կանոնակարգ օրենքի» պահանջած հարցի քննարկում, եթե դրան չի մասնակցում որոշման պատասխանատուն:
«Ժառանգություն» խմբակցությունը սպասում է իր գրության մեջ հիշատակված հարցի քննարկման պատշաճ կազմակերպմանը եւ դրա վերաբերյալ գրավոր տեղակացմանը»:
Հիշեցնենք, որ բացօթյա առեւտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշումը լուրջ ընդվզում է առաջ բերել այդ առեւտրով զբաղվողների մոտ, որոնք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում քաղաքապետարանի ու կառավարության շենքերի առջեւ:





























