Ամերիկացի միլիարդատերերն իրենց կարողության մեծ մասը նվիրաբերում են բարեգործությանը, հաղորդում է FoxNews-ը: 

Walmart-ի ժառանգորդ Ջիմ Ուոլթոնն իր կարողությունից ավելի քան 1 մլրդ դոլար է տվել բարեգործությանը: Սակայն դեռեւս հայտնի չէ՝ որտեղ է ուղղվել այդ գումարը, սակայն հայտնի է, որ նա աջակցում է մի քանի կազմակերպությունների, որոնք կոչված են օգնել կրթությանն ու շրջակա միջավայրին:

Ուոլթոնի մաքուր կապիտալը կազմում է 50,9 մլրդ դոլար: Նրա ավագ եղբայրը՝ Ռոբ Ուոլթոնը, որի կարողությունը կազմում է 49,8 մլրդ դոլար, նույնպես նվիրաբերել է Walmart-ի իր բաժնեմասը՝ 15 մլն դոլարի չափով:

Նախօրեին միլիարդատեր Ուորրեն Բաֆֆեթը հայտարարել է 5 բարեգործական հիմնադրամներին 3 մլրդ դոլար նվիրաբերելու մտադրության մասին: Նա նաեւ հայտարարել է, որ մտադիր է իր բաժնեմասերը տալ բարեգործությանը 10 տարվա ընթացքում:

Home Depot-ի համահիմնադիր Բեռնի Մարկուսը հայտարարել է, որ մտադիր է իր կարողության մեծ մասը տալ բարեգործությանը, քանի դեռ ինքը ողջ է: Նա նաեւ հայտնել է, որ մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: