Արմատական ցուցարարների ավերածության հետեւանքով Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի շենքին պատճառած վնասը կարող է կազմել նվազագույնը 60 մլն հոնկոնգյան դոլար (7,7 մլն դոլար), հայտնում է The Standard-ը:
Համալիրում ջարդվել են ապակե թիթեղները, փչացվել է էլեկտրական եւ համակարգչային սարքավորումը, կահույքը, շարքից հանվել է անվտանգության համակարգը: Ցուցարարները պատերի վրա գրել են հակակառավարական կարգախոսներ, ներկով են ծածկել Հոնկոնգի զինանշանը եւ քաղաքական գործիչների դիմանկարները: «Շատ իրեր կորել են: Մենք շարունակում ենք հաշվարկել»,- նշել է Օրենսդիր խորհրդի խոսնակ Էնդրյու Լյանը:
Նրա խոսքով՝ շենքի նորոգումը, որը կառուցվել է 2011 թվականին, երկարատեւ կլինի: Ընդ որում՝ այն ապահովագրված էր: Արդեն որոշված է, որ առաջիկայում խորհրդարանի նիստեր չեն անցկացվի, պատգամավորները ամառային արձակուրդ կգնան նախատեսված ժամկետից 2 շաբաթ վաղ:
Երկուշաբթի արմատական տրամադրվածությամբ հարյուրավոր երիտասարդ ցուցարարներ գրոհել են խորհրդարանի համալիրը: Ջարդելով ապակե պատուհաններն ու դռները՝ նրանք ներս են թափանցել եւ ավերածություն սարքել: Գիշերը նրանց այնտեղից վռնդել է ոստիկանությունը, որոնց ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:
Հոնկոնգի կառավարությունը դատապարտել է անկարգություններն ու վայրագության գործողությունները, իսկ Չինաստանի կենտրոնական իշխանությունները կոչ են արել գրոհի մասնակիցներին քրեական պատասխանատվության ենթարկել:



























