Սգում եւ ցավակցում եմ զոհերի հարազատներին,վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը` անդրադառնալով այսօր՝ հուլիսի 6-ին Երեւան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին:
«Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել, Երեւան-Երասխավան երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ եւ 12 տուժած»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի եւ մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետեւանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, եւ այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, եւ այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:





























