ՌԴ նախագահին առընթեր՝ գործարարների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվոր լիազոր Բորիս Տիտովը ծխախոտի նախկին դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքն «չափից դուրս» է համարում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   

«Ալբերտ Խուդոյանի համար ընտրված խափանման միջոցը փոխվել է դատախազության միջնորդությամբ: Դատարանը համարել է, որ մեղադրյալը կարող է թաքնվել արտասահմանում, չնայած Խուդոյանն արդեն իր արտասահմանյան անձնագիրը հանձնել է քննությանը: Մեր կարծիքով՝ եզրակացությունը համոզիչ չի: Բացի այդ, իհարկե, կան բոլոր հիմքերը՝ հետեւելու քրեական դատավարության օրենսգրծքի 108-րդ հոդվածի 1.1 կետին (կալանավորում), որն արգելում է կալանքի տակ առնել ձեռնարկատիրական ոլորտում տնտեսական հանցագորությունների համար մեղադրյալներին, իսկ Խուդոյանի գործը կապված է անշարժ գույքի վեճի հետ»,- գործակալությանն ասել է Տիտովը՝ նշելով, որ կշարունակի աջակցել գործարարի փաստաբաններին:         

Մոսկվայի քաղաքային դատարանն ավելի վաղ չեղարկել էր տնային կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու Optima Development ընկերության տնօրեն Ալբերտ Խուդոյանին ուղարկել քննչական մեկուսարան մինչեւ օգոստոսի 14-ը:

Խուդոյանին մեղադրում են 2 մլրդ ռուբլու չափով խարդախության գործով: 

Գործարարը մեղքը չի ընդունում եւ իր ձերբակալության պատվիրատու է անվանում Պետդումայի նախկին պատգամավորին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խուդոյանը մեղադրվում է ընկերություններից մեկից 3 հողատարածք յուրացնելու մեջ: Հասցված վնասի չափը գնահատվում է 10 մլն դոլար: