Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրահամավաք, եւ ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն եւ շուրջ երեք ժամ պահել այնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա է: Եթե նախաձեռնությունը ճանաչված է, քաղաքացիները վստահում են ու պատրաստ են իրենց դրամն ինքնակամ նվիրաբերել ու դա արվում է հրապարակային միջոցառման ժամանակ, ապա ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ խարդախություն կարող է այդտեղ լինել ու ի՞նչ փաստաթղթեր ու թույլտվություններ են պետք ներկայացնել եւ ո՞ւմ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բազմիցս իրականացրել է հանրային դրամահավաքներ ու երբեւէ դրա մասին իրազեկում չի արվել քաղաքապետարան կամ այլ տեղ: Ուղղակի տարակուսում եմ, թե ինչո՞ւ ոստիկանությունում այս հանրահայտ իրողությունը ընկալելի չէ եւ ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար: Հուսամ՝ նման անհիմն խոչընդոտներ այլեւս չեն լինի»,–գրել է նա: