ՌԴ կառավարությունը կքննարկի վրացական գինու, օղու արգելքի, ինչպես նաեւ դրամական փոխանցումների սառեցման մասին ՌԴ Պետդումայի պատգամավորների առաջարկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Օլեգ Օսիպովը:

Համապատասխան առաջարկն ավելի վաղ ներկայացրել էր Պետդումայի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ հայտարարելով ՌԴ նախագահի եւ երկրի քաղաքացիների հասցեին վիրավորանքների անթույլատրելիության մասին:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան «Ռուսթավի 2»-ում իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքով: Վրաստանում համացանցի ահռելի թվով օգտատերեր  դատապարտել են Գաբունիային եւ մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ ուղիղ եթերում հայհոյանքն անընդունելի է համարում, չնայած եւ համաձայն է հեռուստահաղորդավարի դիրքորոշմանը: Գաբունիայի ելույթը դատապարտել են Վրաստանի նախագահն ու վարչապետը, երկրի ԱԳՆ-ն լրագրողի ելույթը գնահատել է որպես երկրների հարաբերություններում լարվածությոն մտցնելու փորձ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է միջադեպին եւ շեշտել, որ սա «Վրաստանի դժբախտությունն է»: