Վարչապետի աշխատակազմում օրինագծերի այս փաթեթով առաջարկվում է ստեղծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն: Հուլիսի 9-ին ԱԺ արտահերթ նիստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ 2003 թվականի դեկտեմբերին կառավարությունը որոշում է ընդունել «ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի մասին», այնուհետեւ 2017 թվականին փոփոխություններ են կատարվել: «Երկար տարիներ լիազոր ներկայացուցիչը համատեղության կարգով զբաղեցրել է մի քանի պաշտոն, այդ թվում նաեւ ՄԻԵԴ-ում ներկայացուցչի պաշտոնը: Ըստ պաշտոնի արդարադատության համապատասխան փոխնախարարը նաեւ համակարգել է այն աշխատանքները, որոնք կատարվել են  Արդարադատության նախարարության ՄԻԵԴ հետ կապերի վարչության միջոցով: Սա կատարվել է լիազոր ներկայացուցչին իր լիազորությունների իրականացման գործում օժանդակություն ցույց տալու  համար: Վերջին տարիներին Եվրոպական դատարանը, աշխատանքի նոր մեթոդներ ներդնելով, պարզեցված վարույթի շրջանակում արագացրել է շփումը Հայաստանի կառավարության հետ։ Ներկայում լիազոր ներկայացուցչի գործառույթները կատարում է վարչապետի խորհրդականը, որը նաեւ համատեղության կարգով կառավարության ներկայացուցիչն է Եվրոպական դատարանում։ Եվ այս պահին մենք խնդիր ունենք. ամրագրված չեն շփումները լիազոր ներկայացուցչի եւ նախարարության համապատասխան ստորաբաժանման միջեւ, ինչի հետեւանքով խնդիրներ են առաջանում»,- պարզաբանեց Ասատրյանը։

Ելնելով այս անհրաժեշտությունից, ըստ պաշտոնյայի, առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել լիազոր ներկայացուցչի համապատասխան վարչական պաշտոն եւ նրա գրասենյակ՝ օժանդակելու համար օրենքով նախատեսված լիազորությունների կատարմանը։

Բացի այդ, ինչպես նշեց փոխնախարարը, նախատեսված են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում՝ շահերի ներկայացումը, որոշումների կատարումը եւ այլն։

Օրինագծերի այս փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ, 61 «կողմ», 20 «դեմ» եւ 16 ձեռնպահ ձայներով։