ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը 1,2 մլն դոլար է ծախսել ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության համար։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պենտագոնում ունեցած աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Անկախության օրն ԱՄՆ-ում նշվում է հուլիսի 4-ին։ Այս տարի դրա տոնակատարության շրջանակում ԱՄՆ մայրաքաղաքում տեղի է ունեցել «Հրավառություն Ամերիկային» միջոցառումը, որի ընթացքում Վաշինգտոնի երկնքում շքերթ են իրականացրել ռազմական ինքնաթիռները, քաղաք են հասցվել M2 Bradley մարտական մեքենաներ եւ M1A2 Abrams երկու տանկ, արարողության գագաթնակետը դարձավ տոնական հրավառությունը։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմը մինչեւ ներկա պահը պաշտոնապես չի հայտնել, թե որքան է նստել տոնը պետության գանձարանի վրա։

Ինչպես նշում է CBS-ը, 1,2 մլն դոլարը միջոցառման լրիվ արժեքը չէ, բայց ներառում է օդային շքերթի եւ Վաշինգտոն զինտեխնիկան հասցնելու ծախսերը։

Ավելի վաղ The Washington Post թերթը տեղեկացրել էր, որ ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությունը տոնակատարությունների անցկացման համար հատկացրել է 2,5 մլն դոլար քաղաքային այգիների խնամքի միջոցներից։ Նախորդ տարիներին, ինչպես նշել է պարբերականը, հուլիսի 4-ի տոնակատարությունը Վաշինգտոնում 2 մլն դոլար է արժեցել։