Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հարձակման դեպքում գործի կդնի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Որոշ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչու ենք մենք գնել Ս-400-երը։ Եթե որեւէ մեկը մեզ վրա հարձակվի, մենք գործի կդնենք դրանք։ Հենց դրա համար ենք նման ներդրում անում»,– նրա խոսքը մեջբերում է Hurriyet պարբերականը։
Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանի հետ Ս-400-երի համատեղ արտադրությանը մասնակցելու Անկարայի մտադրության մասին։
«Համատեղ արտադրության հարցում որեւէ խնդիր չկա։ Մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սկզբից այդ թեմայով համաձայնության ենք հասել։ Հուսով եմ՝ մենք կանցնենք համատեղ արտադրությանը, այժմ որեւէ խնդիր չկա։ Տարբեր ենթադրություններ են արվում նրանց կողմից, ովքեր ցանկանում են, որ մենք հրաժարվենք այդ համակարգերից»,– նշել է նա։
Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ս-400-երի մատակարարումների հարցով պայմանագիրը ենթադրում է արտադրության համար թուրքական կողմին տեխնոլոգիաների մասնակի փոխանցում։
Հիշեցնենք, որ ռուսական համակարգերի գնման շուրջ Թուրքիայի եւ Ռուսաստանի բանակցությունների մասին հայտնի էր դարձել 2016 թվականի նոյեմբերին։ ԱՄՆ–ը ակտիվ փորձեր է կատարում, որպեսզի թույլ չտա Թուրքիային գնել այդ համակարգերը։ Ավելի վաղ Վաշինգտոնը զգուշացրել էր, որ գնման դեպքում պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ եւ կզրկի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի մասնակցությունից։





























