ԱԺ հայտարարությունների ժամին, Ազատության հրապարակ տեղափոխելով իրենց անմիջական գործառույթներից մեկը` «Ժառանգության» պատգամավորները այսօր՝ մարտի 22-ի ժամը 17-ին խորհրդարանական հայտարարությունները ուղղակի հնչեցրել են հրապարակից:
Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը տեւապես անտեսում է մեր պետական ինքնիշխանությունն ու ազգային շահը, իսկ ներքին քաղաքականությունը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունն ու անարդարությունը եւ դրանց հետեւանք դարձած արտագաղթը։ Իշխանության կողմից պարտադրված իրողությունը ստիպում է ընդվզել Ազատության հրապարակում։
Անահիտ Բախշյանը խիստ քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին եւ անդրադառձավ նրա խոսքի եւ գործի տարբերությանը` որպես օրինակ բերելով այն, որ իշխանությունների կողմից արգելվում է հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել` դրանով իսկ խախտելով մարդու տարրական իրավունքները, ինչը արձանագրվել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Այլեւս մենք իրավունք չունենք անտարբեր մնալ եւ անփույթ պահել մեզ: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլով հնչեցվող ահազանգը համահայկական է, հասցեատերը բոլորս ենք: Թույլ չտանք, որ հայոց հայրենիքը կրկին դատարկվի իր զավակներից եւ կարոտ մնա նրանց` առանց իսկական տիրոջ թողնելով հայեցի քաղաքակրթությունը»:
Արմեն Մարտիրոսյանը խոսել է ԱԺ-ում շրջանառության մեջ դրված Ընտրական օրենսգրքի նոր նախագծի մասին` դատապարտելով իշխանություններին կեղծիքները չկանխող Ընտրական օրենսգրքի օգնությամբ հերթական ընտրությունների ժամանակ նորից վերարտադրվելու ու եւս 7 տարի այսպես կառավարելու ցանկության համար: Նա կոչ արեց հասարակությանը իրական ընդդիմության հետ միասին պայքարել իշխանությունների հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների համար:
Ստեփան Սաֆարյանը նախ բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում «Ծոմ ազատության» հացադուլի իմաստը, եւս մեկ անգամ ընթերցել է «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստի մարտի 13-ի որոշման առաջին կետը. «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ եւ երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է` Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար»:
Ապա նա, քննադատելով «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ընդդիմախոսներին, հայտարարել է, որ ոչ մի Աստվածաշունչ, ոչ մի մատենագիրք, ոչ մի վերլուծություն չի փրկի նրանց, որովհետեւ այսօր արդարանալու, բացատրություն տալու օրեր չեն, այլ հասարակության ու նրա պայքարող հատվածներին կամրջելու, նրանց հետ արժանապատիվ գործընկերության միջոցով անհապաղ գործելու օրերն են:




























