Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ,  այսօր`մարտի 23-ին շարունակվել է «Ժամանակ» օրաթերթի դեմ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացրած հայցի քննությունը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով  քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում ընդդիմադիր պարբերականից:

Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված մի քանի նյութերի վերաբերյալ պահանջել էր հերքում, որոնք, թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս:

Այսօր կայացած նիստում Քոչարյանների փաստաբանը փորձել է հիմնավորել, թե ինչու է հայցը ներկայացվել սահմանված ժամկետից ուշ, մինչդեռ թերթն այդ ընթացքում հերքում էր տպագրել: Փաստաբան Սարգիս Գեւորգյանը նշել է, թե ինքնագլուխ հերքման տեքստ է ուղարկել թերթին, իսկ իր վստահորդները տեղյակ չեն եղել, որ իրենց մասին հրապարակումներ են եղել: Մինչդեռ, ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժամանակ» թերթի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը, գործում առկա փաստաթղթերից էլ պարզ է, որ Քոչարյանները տեղյակ են եղել հրապարակումներից, հետեւաբար ուշ են հայց ներկայացրել:

Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների փաստաբանը նաեւ նշել է, թե մեծ ծախսեր է կատարել, եւ դատարանից պահանջել է այդ գումարներն էլ գանձել թերթից:

Դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 7-ը, մինչ այդ պատասխանող կողմը կծանոթանա ներկայացված փաստաթղթերին: