«Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը նամակ-իրազեկում են հրապարակել, որտեղ անդրադառնում է «Ժառանգության» դեմ իշխանությունների «չդադարող ապօրինություններին»:

«Հայաստանում հալածանքները ձեռք են բերել նոր որակ, քաղաքական միջավայրը գրեթե բացառում է քննարկումները եւ բանավեճերը` առանց հալածանքների եւ վախի առկայության:

2006թ. «Ժառանգության» համակարգիչներից կողոպտված տեղեկատվության  փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը մինչ օրս կասեցված է, քանի որ, համաձայն պաշտոնական բացատրության, հնարավոր չէ բացահայտել կողոպտիչներին:

2007թ. թռուցիկներ բաժանելու ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ենթարկվել է բռնության ոստիկանների կողմից: Հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը մինչ օրս կասեցված է, քանի որ, համաձայն պաշտոնական բացատրության, հնարավոր չէ բացահայտել հարձակվողներին:

2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դանակահարել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը մինչ օրս կասեցված է, քանի որ, համաձայն պաշտոնական բացատրության, հնարավոր չէ բացահայտել դանակահարողին:

2010թ. գործող իշխանությունները, չհանդուրժելով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի սուր քննադատությունները` «Ժառանգության» ներկայացուցչին պատվիրակության հիմնական կազմից տեղափոխում են փոխարինող կազմ եւ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին ֆինանսների սղության պատճառաբանությամբ չեն ներառում Ստրասբուրգ գործուղվող պատվիրակների թվում:

2011թ. փետրվարին «Ժառանգությունը» բողոքի մի քանի ցույցեր անցկացնելով Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում` փետրվարի 17-ին հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում քաղաքացիների եւ ԶԼՄ-ների աջակցությամբ 12-ժամյա պայքարի հետեւանքով հաղթահարում է Գյումրիի գլխավոր փողոցը արգելափակած ոստիկանների հանցավոր գործողությունը:

2011թ. փետրվարի 18-ին գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ: Իշխանությունը կուսակցության դեմ փաստորեն գործում է նաեւ քաղաքական պատանդ վերցնելու միջոցով, ով երբեւէ չի զբաղվել քաղաքականությամբ, ունի երկու մանկահասակ որդի, բարեպաշտ եւ օրինավոր բնութագիր:

2011թ. փետրվարի 28-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող բողոքի ցույցին զորակցելիս «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը եւ պիկետի մասնակիցները ուղղակի հարձակման ենթարկվեցին ոստիկանության եւ հատուկջոկատայինների կողմից: Ապօրինի ուժ գործադրած եւ պատգամավորների անձեռնմխելիությունը խախտած որեւէ ոստիկան պատասխանատվության չենթարկվեց:

2011թ. մարտի 3-ին ոստիկանները ՀՀ Սահմանադրության եւ օրենքների կոպիտ ոտնահարմամբ արգելեցին քաղաքացիների բողոքի գործողության անցկացումը ՀՀ կառավարության շենքի առջեւ: Ոստիկանները, նաեւ խախտելով պիկետին աջակցող պատգամավորների անձեռնմխելիությունը, Հանրապետության հրապարակի կենտրոնում հավաքված ՙԺառանգություն՚ խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանին, Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին եւ երկու տասնյակի չափ բողոքող քաղաքացիներին, չնայած բազմաթիվ լրագրողների ներկայությանը, բիրտ ուժի կիրառմամբ հեռացրին նշված վայրից: Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, եւ բժշկական օգնություն ցուցաբերվեց: Նույն օրը ՙԺառանգությունը՚ հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, որին մինչ օրս ընթացք չի տրվել (Կից ներկայացվում է առաջին հաղորդումը):

Նույն օրը ոստիկանությունը ներկայացրեց երկու պաշտոնական հաղորդագրություն, որոնցով իրավաչափ էին որակվել ոստիկանների գործողությունները, եւ սադրիչ` «Ժառանգության» պատգամավորները: «Ժառանգությունը»  ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մարտի 9-ին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` պահանջելով քրեական գործ հարուցել օրինազանց բոլոր ոստիկանների նկատմամբ:

Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը «Ժառանգության» կողմից «Հաղորդում հանցագործության մասին» ներկայացնելուց ժամեր անց իր պաշտոնական կայք-էջում տեղադրում է իր կողմից մարտի 4-ին հարուցված, բայց միայն մարտի 9-ին հրապարակված քրեական գործի մասին տեղեկատվությունը` մարտի 3-ին Հանրապետության հրապարակում ոստիկանների դեմ կյանքին չսպառնացող բռնություն կիրառելու հիմքով:

Մարտի 14-ին Հատուկ քննչական ծառայությունը Արմեն Մարտիրոսյանին, իսկ մարտի 15-ին` Զարուհի Փոստանջյանին առանց կարգավիճակը նշելու պաշտոնական ծանուցման միջոցով հրավիրում են հարցաքննության` ոստիկանների դեմ բռնություն կիրառելու վերաբերյալ ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում:

 Մարտի 15-ից, «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլ Երեւանի Ազատության հրապարակում:  Ոստիկանության աշխատակիցներն արգելել են նրան օգտվել հացադուլի ընթացքում հանգստի եւ առողջությունը վտանգի չենթարկելու անհրաժեշտ պայմաններից: Արդեն 9-րդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը անցկացնում է բաց երկնքի տակ, քանի որ ոստիկանության աշխատակիցները առանց օրինական հիմնավորման բռնի ուժի գործադրմամբ արգելել են վրանի տեղադրումը:

Հայաստանի ժողովրդավարական ուժերի, հասարակության եւ Եվրոպայի իրապես ժողովրդավարների դեմ նետված այս մարտահրավերների շուտափույթ հաղթահարումը չափազանց օրախնդիր է դարձել: Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչ օրս չբացահայտված են մնում հատկապես վերջին տասնամյակի ընթացքում ընդդիմադիր ակտիվիստների, գործիչների, անկախ լրագրողների հանդեպ կատարված բոլոր հանցագործությունները, այդ թվում` մարտի 1-ի 10 սպանություն կատարողները: 

Բոլորիդ ահազանգում ենք իշխանության այս հերթական աննախադեպ ապօրինությունների մասին` ակնկալելով եւ պահանջելով ձեր լիազորությունների շրջանակներում համապատասխան վերաբերմունք եւ գնահատական»: