Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է իր նպատակներին, մարտի 17-ին ժողովրդի՝ Ազատության հրապարակ մուտք գործելուն չխոչընդոտելուն ու դրա վերաբերյալ սկսված քննարկումներին, ինչպես նաեւ առաջիկա հանրահավաքին։

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ։

«Մարտի 17-ի հանրահավաքը հիրավի շրջադարձային էր. այն ցույց տվեց, որ Հայաստանի ժողովուրդը կրկին գտնվում է սեփական երկրին տեր դառնալու ճանապարհին: Այն նաեւ ապացուցեց, որ երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, կարող է լուրջ խնդիրներ լուծել, ընդ որում՝ լուծել խաղաղ ճանապարհով: Երբ փողոց է դուրս գալիս հարյուր հազար մարդ, իշխանությունները հասկանում են, որ ուժի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության: Մեր նպատակն է` հզորացնել ժողովրդի ճնշումն այն աստիճան, որ կարողանանք պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

Հայ ազգային կոնգրեսը Հայաստանում լեգիտիմ ժողովրդավարական իշխանության հաստատման սահուն գործընթացի կողմնակից է, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այրունահեղությունից, ավերածություններից, անդառնալի կորուստներից: Բայց ժողովրդի համբերությունը սպառվում է: Օրեցօր վատացող սոցիալական վիճակը մեծացնում է արմատական գործողությունների պատրաստ մարդկանց թիվը:

Ամեն օր տեղի է ունենում հասարակության տրամադրությունների արմատականացում: Իշխանությունները, համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, կարծես, հույս ունեն, որ ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը:

Այդ է վկայում այն լայնածավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական եւ իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ լրատվամիջոցներով՝ փորձելով համոզել ժողովրդին, թե, իբր, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ արդեն երկխոսություն է սկսվել եւ քաղաքական ճգնաժամը արդեն լուծվում է։ Սա անհեռատես կեցվածք է։ Դա նրանք անում են՝ սարսափած երեք հաջորդական հանրահավաքների հզորությունից եւ հասկանում են, որ ապրիլի 8-ին ակնկալվող հանրահավաքը էլ ավելի ծանր վիճակի մեջ կդնի ռեժիմին:

Նման անհեռատես կեցվածքը, եթե այն շարունակվի, եւ իշխանությունները հապաղեն համաժողովրդական պահանջները կատարելու հարցում, ապա դրանով միայն մոտեցնելու են ժողովրդի ցասման օրը: Մենք միշտ պատրաստ ենք եղել երկխոսության՝ վաղուց հայտարարված պայմաններով եւ արտահերթ ընտրություններ նշանակելու միակ օրակարգով։ Ուստիեւ բոլորին կոչ ենք անում՝ սկսել համազգային նախապատրաստություն՝ ապրիլի 8-ի հանահավաքին եւ հանդես գալ այդ օրվա հանրահավաքի անելիքների վերաբերյալ առաջարկներով»: