«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը պնդում է, որ նախորդ տարի 8 ամիս աշխատել է ընկերությունում առանց աշխատանքային  պայմանագրի եւ աշխատավարձի: NEWS.am-ի  հետ զրույցում նախկին տնօրենն ասաց, որ ինքը դատարան է դիմել 8 ամիսների աշխատավարձը ստանալու եւ աշխատանքում վերականգնվելու պահանջով:

«2018 թվականի հունիս- հուլիս ամիսներն այն ամիսներն էին, երբ ընկերությունում իրականացվում էին ստուգումներ, խուզարկություններ եւ այլն, եւ այլն եւ այդ պայմաններում աշխատավարձի հետ կապված հարաբերություններ քննարկելը իմ կողմից տեղին չէր լինի, բնականաբար այդ պարտավորությունները ստանձնել եմ առանց որեւէ նախապայմանների, հետագայում էլ այդ ամեն ինչին զուգընթաց ֆինանսական վիճակն այնպիսին էր, որ կամ  պիտի ընդհանուր աշխատավարձի ֆոնդից նվազեցումներ արվեին, որպեսզի ինձ աշխատավարձ  վճարվեր, բնականաբար նախընտրելի է, որ մեր աշխատակազմը ինչ  աշխատավարձ ստանում էր, դա էլ շարունակեր ստանալ, մի բան էլ ավելի: Իմ խնդիրը ես թողել էի ավելի ուշ հերթի, ամբողջ պրոցեսն էլ երբ որ կարգավորվում էր, սեփականատերերը ուրիշ պայմաններ առաջարկեցին այլ պայմաններ, որոնք անընդունելի էին»,- ասաց նա` նշելով, որ աշխատավարձը, որն իրեն առաջարկում էին, ՃՈ-ից ստացած հավելյալ գումարներն էին, որին ինքը չհամաձայնեց:

Նախկին տնօրենը նշեց, որ իր հետ աշխատանքից դուրս են եկել եւս 24 աշխատակից, ովքեր նույնպես դատարան են դիմել, եւ օրերս արդեն այս դիմումներով 2-3 որոշում կլինի:

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի սեփականատեր Ալեքսան Զաքարյանն էլ NEWS.am-ի հետ զրուցում հերքեց ընդհանուր աշխատավարձեր չվճարելու մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով` միայն նախկին տնօրենին աշխատավարձ չի վճարվել, այն էլ վերջինս է, ինչ-որ  խնդիրներ ունեցել:

«Նման բան գոյություն  չունի, աշխատակիցների աշխատավարձերը վճարված են, միայն տնօրենի հետ կապված խնդիր կար: Հիմա գործը դատարանում է, շուտով դատարանը որոշում կկայացնի, հարցը կլուծվի»,- ասաց նա: