Պետդեպարտամենտը մոտ 234 հազար դոլար է ծախսել անցած տարվա հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆ-ակումբ այցելության վրա։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Hill թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր տեսչի հսկիչ գործառույթներ կատարող Սթիվեն Լինիքի նամակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Դրանում ասվում է, որ Պետդեպարտամենտը 233 հազար 732,86 դոլար է ծախսել՝ իր աշխատակիցների գործուղման, արտաժամյա աշխատանքի, հյուրանոցներում համարների եւ մեքենաների վարձակալության վճարումների համար՝ Թրամփի Թերնբերիի (Շոտլանդիայի հարավ-արեւմուտք) էլիտար Trump Turnberry գոլֆ-ակումբ այցելության ժամանակ 2018-ի հուլիսի 14-15-ին։ Ինչպես նշում է Լինիքը, այդ գումարը չի ներառում այն միջոցները, որոնք Ներքին անվտանգության նախարարությունը փոխհատուցել է Պետդեպարտամենտին, դրա համար էլ ներկայացնում է ուղեւորության ընդհանուր ծախսերի միայն մի մասը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ծախսերի հիմնական մասը կազմել է 111 հազ. 261,44 դոլար եւ բաժին է ընկել հյուրանոցների սենյակների վարձակալությանը։
Ուշացած պատասխան
Գլխավոր տեսչի պատասխանը ստացվեց այն բանից մեկ տարի հետո, երբ սենատորներ Էլիզաբեթ Ուորենը (դեմոկրատ Մասաչուսեթսի նահանգից) եւ Թոմաս Քարփերը (դեմոկրատ Դելավերի նահանգից), ինչպես նաեւ կոնգրեսական Էլայջա Քամինգսը (Մերիլենդի նահանգից) գերատեսչությունից տեղեկատվություն խնդրեցին ուղեւորության ծախսերի մասին։ «Ամերիկացիները չպետք է վճարեն նախագահի չարդարացված եւ վատնողական ուղեւորությունների համար, որպեսզի արտասահմանում գոլֆ խաղա,- ասել են օրենսդիրների ներկայացուցիչները՝ ծանոթանալով փաստաթղթին։- Մոտ 234 հազար դոլարը, որը բացահայտել է Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչը, ընդհանուր ծախսի ընդամենը մի մասն են Շոտլանդիայում նախագահի գոլֆ-ակումբի անցած տարվա մեկ ուիքենդի ժամանակ»։ Միեւնույն ժամանակ, գերատեսչությունը չի պատասխանել դեմոկրատների հարցին շահույթի ծավալի մասին, որն ստացել է Թրամփի գոլֆ-ակումբը այդ ուղեւորությունից հետո։
Օրենսդիրները դեռ սպասում են ներքին անվտանգության նախարարության հաշվետվությանը, որում մանրամասն նկարագրվում են նրա սեփական ծախսերը՝ կապված Թերնբերի ուղեւորության հետ։ Փաստաթղթի հրապարակման ժամկետները հայտնի չեն։
Թրամփն անցած տարվա հուլիսի 13-ին ավարտել է Միացյալ Թագավորություն իր այցելության աշխատանքային մասը եւ հանգստյան օրերն անցկացրել Շոտլանդիայում, ազատ ռեժիմով, սեփական Trump Turnberry գոլֆ-ակումբի տարածքում։ Ե՛վ շաբաթ, ե՛ւ կիրակի նրան տեսել են անմիջապես գոլֆ խաղալիս։ Այնտեղ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը պատրաստվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հելսինկիում, որը տեղի ունեցավ երկուշաբթի։
Կրքոտ հակում
Մայիսին The Huffington Post ինտերնետ-պարբերականը տեղեկացրեց, որ Թրամփի տարվածությունը գոլֆով նրա նախագահության օրոք ամերիկյան հարկատուների վրա 100 մլն դոլար է նստել։ Պարբերականը հաշվել է, որ պետության ղեկավար լինելու ութ տարիների ընթացքում նրա նախորդը՝ Բարաք Օբաման, «հանգստյան ուղեւորությունների» եւ արձակուրդի վրա ծախսել է 97 մլն։
ԱՄՆ ներկայիս նախագահը գոլֆի մեծ երկրպագու է եւ ունի 16 գոլֆ-ակումբ ԱՄՆ-ում եւ Ամերիկայի սահմաններից դուրս՝ Շոտլանդիայում, Իռլանդիայում, ԱՄԷ-ում եւ Ինդոնեզիայում, բայց ամենից հաճախ նրան կարելի է տեսնել Փալմ Բիչի (Ֆլորիդայի նահանգ, Մար ա Լագո կալվածք), Բեդմինսթերի (Նյու Ջերսիի նահանգ) եւ մայրաքաղաքի արվարձանի՝ Պոտոմակ Ֆոլսի (Վիրջինիայի նահանգ) գոլֆի դաշտերում։ Թրամփին քննադատողներն ու էթիկայի հարցերով փորձագետները կարծում են, որ նախագահը, այդքան հաճախ այցելելով գոլֆ-ակումբներ, ըստ էության, զբաղվում է դրանց գովազդով։ Համաձայն ամերիկացի լրագրողների հաշվարկների՝ հանրապետականն իր նախագահության օրոք շահել է գոլֆի ավելի քան 210 խաղ, ընդ որում՝ մեծ մասը՝ սեփական գոլֆի դաշտերում։
Թրամփն իր ընտրարշավի ժամանակ քանիցս քննադատել է Օբամային այն բանի համար, որ նա, իբր, չափից ավելի հաճախ է իրեն թույլ տալիս հանգստանալ, այդ թվում գոլֆի դաշտում։ «Ես կաշխատեմ ձեզ համար, գոլֆի ժամանակ չեմ ունենա»,- պնդում էր Թրամփը Վիրջինիայի նահանգում իր կողմնակիցների նախընտրական հանրահավաքում։





























