Դելֆինները բնության մեջ գրեթե ամեն օր լողում են 160 կմ, ապրում են 50-60 տարի, իսկ անազատության մեջ նրանց ապրելու տեւողությունը չի գերազանցում 5 տարին, Հայաստան ներմուծել այդ կենդանիներին՝ անթույլատրելի է, այստեղ օվկիանոսի ջուր չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ-ի նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով Սոչիում բնակվող գործարարի՝ Գյումրիում դելֆինարիում կառուցմանը․ «Ես հասկանում եմ, որ մարդիկ ուզում են լավ գործ անել, բայց պետք է բազմակողմանի ծանոթանալ իրենց նախաձեռնությանը։ Երբ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ հասուն մարդն արջի հետեւից մեքենան վարելով ասում է՝ քշի վրեն, դա առողջ չէ, նշանակում է հոգեբանական խնդիրներ ունեն։

Քանի որ հոգեպես առողջ մարդը չի կարող արջի ու իր քոթոթների վրա մեքենայով քշի։ Եվ դելֆինները շատ զգայուն կենդանիներ են։ Նրանք ունեն իրենց լեզուն, իրար հետ այդպես են շփվում, իրենք ջրի ալիքների միջոցով են կարողանում շփվել, իսկ երբ մենք իրենց անազատության մեջ ենք պահում, իրենք իրենց զգում են ինչպես հոգեբուժարանում»։

Գրիգորյանի խոսքով՝ եթե գործարարները ցանկանում են Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվել, ապա պետք է քննարկում անցկացնեն մասնագետների հետ․ «Լիազոր մարմինն ի զորու չէ դա կատարել, դա կառավարության Աքիլլեսյան գարշապարն է, կադրային նշանակումներն ու մասնագիտական պատրաստվածությունը կաղում է»։

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ շարունակելով Գրիգորյանի խոսքն՝ ասաց, որ տվյալ նախագիծը պետք է ներկայացվեր հանրությանը, անցներ Շրջակա միջավայրի փորձաքննություն, այնուհետեւ որոշվեր՝ կարելի է նման նախաձեռնությունն իրականցնել Հայաստանում, թե՝ ոչ։

«Շատ տարօրինակ է, որ պատկան մարմիններից խնդրի առարկայի մասին, որը պատասխանատու է այդ խնդրի համար, չենք իմանում ոչ մի բան։ Մենք մամուլից ենք տեղեկանում։ Նամակ ենք ուղարկել Շրջակա միջավայրի նախարարությանը եւ Տեսչական մարմնին եւ պահանջել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնի հասարակությանն իրավիճակի մասին, իսկ Տեսչական մարմինը անցկացնի ստուգումներ։ Ինչպե՞ս կարող է Էկոնոմիկայի նախարարն ասել, որ սա շատ լավ բիզնես է, եւ լավ է, որ բացվում է Գյումրիում։ Ինչպե՞ս կարող է այդ գործարարն ասել, որ իրենք ակնկալում են վարչապետի աջակցությունը։ Հիմա էլ այդ մարդը հայտարարում է, որ 4 շաբաթ հետո դելֆին է ներմուծելու։

Ինչպե՞ս կարելի է իրավական պետությունում նման բան թույլ տալ։ Բացի դրանից, Հայաստանը բարձրադիր գոտիներով չի համապատասխանում նրանց ապրելակերպին, սրա մասին բազմիցս խոսել ենք»,- ասաց Ադամյանը։ Ադամյանը տեղեկացրեց, որ ձեւավորվել է «Օգնենք դելֆիններին» հասարակական շարժում, որտեղ մարդիկ բավականին ակտիվ գործունեություն են ծավալում․ «Մենք միշտ պայքարել ենք, դեռ առաջին դելֆինարիայից սկսած։ Մենք դիմելու ենք նաեւ միջազգային կազմակերպությունների, դրանք այն կազմակերպություններն են, որոնք պաշտպանում են կանթնասուններին, ջրային կենդանիներին, իրենք կենտրոնացել են հիմնականում կետերի, դելֆինների ապրելակերպի վրա»։

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն ավելացրեց, որ տարածված այն կարծիքը, թե դելֆինները բուժհոգեբանական էֆֆեկտ ունեն երեխաների համար, դա ուղղակի առասպել է․ «Դա հանցավոր մոտեցում է, անհասկանալի գործարարություն սկսելու, որպեսզի նման կաթնասուն հանդիսացող կենդանիների կղանքի մեջ լինեն մեր երեխաները։ Անվտանգության խնդիրներն ուղղակի զվարճանքով թաքցնելը, եւ ձեռներեցությամբ իբր ներդրումներով քողարկելը՝ սպառնալիք է հասարակության համար»։