Առնվազն 44 մարդ տուժել է Չինաստանի հյուսիսարեւելյան Ցզիլին (Գիրին) նահանգի Կորեական ինքնավար օկրուգի Լունցզին Յանբյան քաղաքի արհեստական ալիքներ ունեցող ակվապարկում, ասվում է քաղաքի իշխանությունների հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, հուլիսի 29-ին, տեղի ժամանակով ժամը 14.40-ին, երբ ավազանում նման զվարճավայրերի համար չափից ավելի բարձր արհեստական ալիք է բարձրացվել։
Նշվում է, որ դրա հետեւանքով լողավազանում գտնվող այցելուները բազմաթիվ վնասվածքներ են ստացել, քանի որ գրեթե բոլորը եղել են փրկօղակներով կամ ռետինե օղակներով եւ չեն կարողացել կողմնորոշվել։ Ջրի հոսանքի տակ մարդիկ բախվել են իրար եւ հարվածվել լողավազանի պատերին։
Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ միջադեպի պատճառը ջրի մեծ հոսքն է եղել ալիք առաջացնելու համար։
Չորեքշաբթի երեկոյան հիվանդանոց էր տարվել երկու մարդ կողերի կոտրվածքներով, մեկի ստորին վերջույթներն էին կոտրվել, եւս երկուսը շատ վնասվածքներ ունեին, մնացած 39-ը արդեն դուրս է գրվել։




























